«Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել անգործության մեջ». Նախագահը հանդիպել է Արմավիրի շրջանի ընտրողների հետ
Նմանատիպ
Այսօր ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ հանդիպել է Էջմիածնի և մոտակա համայքների ընտրողների հետ:
«Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել անգործության մեջ, ոչ մեկ չի կարող մեզ մեղադրել, որ մենք իշխանությունն օգտագործում ենք որպես վայելք, այլ ոչ թե որպես մշտական աշխատանք և պատասխանատվություն»,- իր ելույթում նշել է Ս.Սարգսյանը:
Անդրադառնալով տնտեսական ոլորտին՝ ՀՀԿ առաջնորդը նկատել է, որ մեր երկիրն ունեցել է խնդիրներ, սակայն տնտեսությունը չի փլուզվել. «Փառք աստծո, մենք որևէ սոցիալական ծրագիր չենք կրճատել»:
Ս. Սարգսյանը հավաքվածներին կոչ է արել լինել ավելի ակտիվ, պահանջկոտ, որպեսզի իրենց հրաշալի քաղաքապետի միջոցով կառավարությունից ավելին պահանջեն.«Մենք Էջմիածնի համար պարտավոր ենք անել ավելին»:
Մեկնաբանելով ՀՀԿ կարգախոսը՝ նախագահն ասել է, որ պետք է հավատալ, քանի որ առանց հավատալու չի կարող լինել ո՛չ լուրջ ընտանիք, ո՛չ կոլեկտիվ, ո՛չ ընկերական միջավայր: Չի կարող լինել ո՛չ պետություն և ո՛չ բանակ:
Սերժ Սարգսյանն այցելել է նաև Արմավիրի մարզի Փարաքար համայնք, ծաղկեպսակ դրել Արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանին:
Ելույթ ունենալով Փարաքար, Մերձավան, Մուսալեռ համայնքների բնակիչների առաջ` ՀՀԿ առաջնորդն ասել է, որ կուսակցությունը շարունակելու է իրագործել իր ծրագրերը` հանուն պետության զարգացման և ժողովրդի բարեկեցության. «Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները` գյուղի ամրապնդման և զարգացման գործում: Գյուղատնտեսության զարգացումը պետք է շաղկապված լինի գյուղի զարգացման հետ»:
Ս.Սարգսյանը նաև շեշտել է, որ Երևանին մոտ գտնվող բնակավայրերը մայրաքաղաքին որևէ բանով չպիտի զիջեն, պետք է վերացնել գյուղի և քաղաքի միջև գոյություն ունեցող տարբերությունը, որպեսզի գյուղի բնակչությունը մնա և ծաղկեցնի գյուղը: Նախագահը նաև ասել է, որ իրենց խնդիրն՝ այս տարածքներում հասանելի դարձնել բոլոր այն ծառայությունները, որոնք կյանքը դարձնում են ավելի հարմարավետ: