Մամուլն այսօր. Նախընտրական պահանջները և խոստումները գնալով ավելանում են

Ընտրություններ.

«Հրապարակ»-ը գրում է, որ չնայած ԲՀԿն փորձում է ցույց տալ, որ ՀՀԿի հետ անզիջում մրցակցության մեջ է, սակայն իրականում հւսմւսձայնել է ստանձնել փոքր եղբոր դերը: Տարբեր համայնքներում, որտեղ համայնքապետերը ՀՀԿականներ են, ԲՀԿ շտաբի պետեր են նշանակվում նրանց տեղակալները, որպեսզի քվեարկության ընթացքը և ձայների բաշխումը լինեն «արդարաբար»: Ըստ այդմ որոշված է 35 տոկոս ձայն ՀՀԿին, 25 տոկոս` ԲՀԿին, իսկ մնացածը` մյուսներին:

«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ Կապանում կայացած Հայ յեղափոխական դաշնակցության նախընտրական հանրահավաքում գեներալլեյտենանտ Արթուր Աղաբեկյանը «հրամայել է» երբեմնի իր հրամանատարության տակ եղած քաջարի կապանցիներին մայիսի 6-ին գնալ ընտրության և քվեարկել Դաշնակցության ու դաշնակցական պատգամավորի օգտին: Հանրահավաքից հետո տեղի է ունեցել համերգային ծրագիր:

«Երկիր»ը գրում է, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը ՄալաթիաՍեբաստիայում էր: Ավանդույթի համաձայն, դիմելով տեղի բնակիչներին հորդորեց քվեարկել ՀՀԿի, իսկ մեծամասնականով` ՀՀԿի կողմից առաջադրված Սամվել Ալեքսանյանի օգտին: Ուշագրավ է, որ երբ նախագահը հնչեցրեց Սամվել Ալեքսանյանի անունը, հավաքվածներն ավելի ոգևորությամբ արձագանքեցին, քան այն ժամանակ, երբ խոսքն ավարտեց նախագահը: Արդեն նախագահի ելույթի ավարտին առեղծվածը բացահայտվեց. ներկաները թերթի թղթակցին պատմել են, որ իրենք աշխատում են Սամվել Ալեքսանյանին պատկանող հաստատություններում: «Բոլորիս մեկ մարդու նման հավաքեցին, բերեցին, թե ինչու մենք էլ չենք հասկանում»,-բողոքել է ներկաներից մեկը: Մյուսն էլ արձագանքել է. «Լավա էլի, գործից պրծանք, ես երկրորդ սմեն էի, բայց ասել են միտինգից հետո տուն կգնաք»: Ներկաներից մի կին էլ պատմել, որ իրենց դպրոցում են հրահանգել գալ և մասնակցել հանրահավաքին: Մի տատիկ էլ երանությամբ, բարձրաձայն մտածում էր, որ եթե Սուրբ Զատկին «մի յաչեյկա ձու, մի գինի ու մի կգ բրինձ են տվել, տեսնես մայիսի 6-ի ընտրակաշառքն ի՞նչ կլինի»:

«Իրավունք» թերթը գրում է. «Այս չորեքշաբթի, Վարդան Օսկանյանը հանդիպել էր մի շարք հայտնի բլոգերների հետ, և հանդիպումը տևել էր մի քանի ժամ: Զրույցի մի մասը, այսպես կոչված, «օֆ ռեքորդ» (առանց ձայնագրության) ռեժիմում էր, իսկ ինչ վերաբերում է ամբողջ զրույցին, ապա Օսկանյանը ջանում էր բլոգերներին համոզել, որպեսզի իրենց բլոգներում հանդես գան ընդդեմ «Ժառանգության» և դրական շեշտադրումներով` ԲՀԿի նկատմամբ: Կարելի է ասել, որ առանձնակի հաջողության Օսկանյանը չհասավ, իսկ հանդիպման վերջում էլ նրան ապասվում էր տհաճ անակնկալ. բլոգերներից մեկը` «Ժառանգության» համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում ընդգրկված Իզաբելլա Աբգարյանը, տեղեկացրեց նախկին արտգործնախարարին իր ինքնության մասին, և Օսկանյանը, մատնվելով անհայտ շփոթության, դրությունից դուրս գալու «որևէ» այլ ելք չգտավ, քան ավարտել հանդիպումը»:

Նախընտրական պահանջների և հնարամիտ խոստումների մասին.

«Հրապարակ»-ը գրում է. «2012 նախընտրական սեզոնում ընտրողին ասֆալտապատման միջոցով շահագրգռելն այլևս հնացած տրյուկ է, որը թեև տարածված է ՀՀ-ում, սակայն կորցրել է իր ակտուալությունը: Այժմ ընտրողի քվեին տիրանալու նոր, տեխնոլոզիապես ավելի առաջատար և նվազ ծախսատար հնարքներ են մոգոնվում: Օրինակ, Հրազդանում ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը «տուկի թել» էր բաժանում, որոշ գյուղերում դոմինո և սեղանի խաղեր են նվիրում, իսկ Երևանում նորաձև է դառնում «բեսեդկա» կառուցելը: 

Սա հատկապես ՀՀԿ-ի նախընտրական ձեռագիրն է: Բայց մյուսներն էլ այս հարցում հետ չեն մնում: Երեկ Էրեբունի և Շենգավիթ շրջաններն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքի բնակիչները պատմել են, որ ՕԵԿ թեկնածու Ռոբերտ Մասումյանը (մականունը` Բենզին Ռոբո), որը վերջերս է հեռացել ԲՀԿ-ից, բակային հանդիպումների ժամանակ խոստացել է, որ մինչև մայիսի 6-ը ընտրատարածքի բոլոր բակերում երկաթյա «բեսեդկեք» կտեղադրի: Իհարկե, կարելի էր ավելի իրատեսական խոստում տալ, քանի որ, ինչպես ասում են, ոզնին էլ կհասկանա, որ 3 շաբաթը բավարար չէ այս խոստումը կատարելու համար: Բայց ավելի մտահոգիչ է այն, որ այս խոստումները դուր են գալիս մեր հայրենակիցներին»:

«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` հատկապես այս օրերին Աժ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի կինը, որը կառավարում է նրա բիզնեսը, ավելի անբարյացակամ է դարձել աշխատողների նկատմամբ: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` նա աջ ու ձախ վիրավորում է աշխատողներին` նշելով որ ով իր ամուսնուն և Հանրապետական կուսակցությանը չընտրի, ազատվելու է աշխատանքից: Ըստ լուրերի` Ալեքսանյանի կինն ամեն օր շրջում է Երևանում տեղ գտած բոլոր «Երևան սիթի»-ներով և անհատական աշխատում յուրաքանչյուրի հետ: Թերթը տեղեկացնում է նաև, որ շատ աշխատողներ, վիրավորվելով Ալեքսանյանի տիկնոջ պահվածքից, դիմել են պատգամավորի վարորդին` խնդրելով իրավիճակի մասին տեղյակ պահել Ալեքսանյանին: «Ժողովուրդ»-ը երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ փորձել է տեղեկությունը ճշտել անձամբ Սամվել Ալեքսանյանից, սակայն վերջինս հերքել է. «Հերյուրանքներ են, նման բան չկա, հնարավոր բան չի, որ ըտենց բան լինի»:

Գյումրիից «Ժամանակ» թերթին տեղեկացրել են, որ Գյումրիի մի մասը, ինչպես նաև Աշոցքն ու Ամասիայի տարածաշրջանն ընդգրկող թիվ 33 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՕԵԿական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՕԵԿի ավանդական մթերային կաշառքից անցում է կատարել նոր տեսակի կաշառքի:

«Նրա ներկայացուցիչները մտնում են շենքերը և թակելով բնակիչների դռները արբանյակային ալեհավաք են առաջարկում: Բնակիչները նախ հրաժարվում են, մտածելով, թե ալեհավաքները վաճառվում են, սակայն, երբ երիտասարդները տեղեկացնում են, թե այն անվճար է, ավելին` ընտրանվեր է Հովհաննես Մարգարյանի և ՕԵԿ կողմից, ապա բնակիչներից ոմանք համաձայնվում են վերցնել ալեհավաքը: Հիշեցնենք, որ թիվ 33 ընտրատարածքում Մարգարյանի մրցակիցներն են Աշոտ Աղաբաբյանը ՀՀԿից և Շալիկո Զորյանը` ՀՀՇից»,- գրում է թերթը:

Զարմանազան.

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը մի քանի օր առաջ հանդիպել է Աժ ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնի հետ և հեռանալուց` նրա սենյակում է թողել տուփով կոնյակ: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է ինքը` Նիքոլսոնը: Ըստ նրա, ՀՀ դեսպանը մի քանի օր առաջ այցելել է Մեծ Բրիտանիայի իր գրասենյակ և հեռանալիս սեղանին թողել մի տուփ` պնդելով, որ դա բարոնուհու համար է և չի ցանկացել ետ տանել: Նրա գնալուց հետո բարոնուհին, բացելով տուփը, տեսել է, որ դրա մեջ կոնյակ է: Իսկ քանի որ Մեծ Բրիտանիայի օրենքները պաշտոնյաներին խստորեն արգելում են ցանկացած տեսակի նվեր ստանալ, բարոնուհին կոնյակը նվիրել իր բարեգործական կազմակերպություններից մեկին: Այս պատմությունը նա պատմել է, երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել էր` ԵԽԽՎ-ն կարո՞ղ է վերահսկել, որ իր դիտորդների շրջանում կոռուպցիոն երեույթներ չդրսևորվեն: 2008-ի նախագահական ընտրություններից հետո մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ միջազգային դիտորդները Հայաստանից թանկարժեք նվերներով են հեռացել: «Դա շատ լուրջ խնդիր է: Այժմ 2008-ը չէ, այժմ 2012-ն է»,- պատասխանել է բարոնուհին:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի մոտ աշխատակիցները հերթագրվում են ու նոր միայն մտնում նրա աշխատասենյակ: Ըստ թերթի՝ եթե անգամ ԱԳՆ աշխատակիցները շտապ բան ունեն զեկուցելու, օրերով սպասում են, մինչև իրենց հերթը հասնի: Ի դեպ, նույն «կարգ ու կանոնով» աշխատում են նաև փոխնախարարներն ու վարչության պետերը: ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանը, պատասխանելով թերթի հարցին, թե ինչու են ԱԳՆ աշխատակիցներն օրերով սպասում, որ մտնեն էդվարդ Նալբանդյանի աշխատասենյակ, և ընդհանրապես, ինչու են ԱԳՆ-ում այդ կանոնակարգով աշխատում, ասաց. «ԱԳ նախարարի հանդիպումների օրակարգը կազմվում և կանոնակարգվում է` ըստ նախարարի զբաղվածության: Ձեր կողմից նշված «օրերով սպասելը» հնարավոր է միայն նախարարի գործուղումների ժամանակ, երբ նախարարը ֆիզիկապես բացակայում է Հայաստանից, սակայն այդ ժամանակահատվածում էլ նախարարի հետ կապն ապահովվում է հաղորդակցության այլ միջոցներով»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում