Թերթերն այսօր. Քարոզարշավը վերածվել է «ցեխարշավի», իսկ Գ.Ծառուկյանի մոտ, այնուամենայնիվ, ատրճանակ էր

Ընտրություններ.

«Հայացք» օրաթերթը գրում է, որ բավական հետաքրքիր իրավիճակ է տիրում Երևանի թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Աջափնյակի վարչական շրջանը:

Այստեղ պատգամավորության թեկնածուներ են առաջադրվել գրեթե բոլոր առաջատար ուժերից. ՀՀԿ-ից` Ռուբեն Հովսեփյանը, ԲՀԿ-ից` Վահան Կարապետյանը, «Ժառանգությունից»` Արմեն Մարտիրոսյանը և ՀԱԿ-ից` Ավետ Պողոսյանը: Թերթը հիշեցնում է, որ Ռուբեն Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է և Աջափնյակ շրջանի ղեկավարը:

Թվում է, թե երկար տարիներ ղեկավարելով այս վարչական շրջանը, Ռուբեն Հովսեփյանը պիտի որ վայելեր բնակիչների հարգանքն ու սերը, սակայն իրականում այդպես չէ:

Բնակիչներից շատերը պատմում են, որ նա, լինելով թաղապետ, այս ողջ ընթացքում ոչինչ չի արել Աջափնյակի համար: «Ոչ տեսել ենք, ոչ լսել, ուղղակի գիտենք, որ ինքն է մեր համայնքի ղեկավարը, հիմա էլ ուզում է պատգամավոր դառնալ, թե ինչո՞ւ, մենք էլ չգիտենք»,-ասել է Աջափնյակի բնակիչներից մեկը:

Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ քանի որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախկինում` ոստիկանությունում աշխատած տարիներին, եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարը (վերջինս Երիցյանի մոտ օպերատիվ աշխատակից է եղել), դրա համար էլ այսօր ՕԵԿ-ը հենց Երիցյանին է վստահել Կոտայքի մարզի կոորդինացումը: Ու պատահական չէ, որ երեկ Արմեն Երիցյանն անձամբ է մեկնել Աբովյան քաղաք, երբ իմացել է, որ քաղաքապետ Կարո Գուլոյանն ՕԵԿ-ի պաստառները պոկել և իր աներոջ` Գագիկ Ծառուկյանի նկարներն է փակցրել: Ըստ լուրերի` Երիցյանը բավականին կոպիտ խոսակցություն է ունեցել Գուլոյանի հետ: Սակայն նախարարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե նման բան չի եղել: Իսկ ինչ վերաբերում է Կոտայքի մարզի կոորդինացմանը, ասել է. «Չէ, դա ընդհանրապես կապ չունի, ես Ծառուկյան Գագոյի հետ չեմ աշխատել»: Կոտայքի մարզի պատասխանատվության մասով էլ նշել է. «Եթե լիներ Արագածոտն, կասեիք` ինչո՞ւ այդ մարզը, չգիտեմ, այդպես է որոշվել»:

«Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն` երեկ ուշ երեկոյան ՀՅԴ ԳՄ գրասենյակում բավականին լուրջ խոսակցության է տեղի ունեցել դաշնակցականներ Վահան Հովհաննիսյանի ու Հրանտ Մարգարյանի միջև: Ասում են, որ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ-ի առանցքային դեմքերից մեկին` Վահան Հովհաննիսյանին ասել է, որ վերջինս շատ ուշադիր լինի այն հարցում, որ կուսակցության ներսում այլևս որևէ քննարկում և մեկնաբանություն չտրվի կուսակցության համամասնական ցուցակի ու տեղերի բաշխման հետ կապված խնդիրներին, քանի որ այս փուլում ներկուսակցական խռովությունը խորացնելու դեպքում ՀՅԴ-ն չի կարողանա հաղթահարել նախընտրական քարոզարշավի բարդությունները: Ավելին, Մարգարյանը Հովհաննիսյանին զգուշորեն հասկացրել է, որ ոչ մի անտեղի մեկնաբանություն չհասնի իր ականջին հատկապես ՀՅԴ ցուցակի 6-րդ համարը զբաղեցրած գործարար Կարեն Շահմուրադյանի հասցեին, ով այսօր հանդիսանում է «Կարկոմավտո» ընկերության գլխավոր տնօրենը: Թերթը նշում է, որ գործարար Շահմուրադյանի հայրը դաշնակցականների հետ հին կապեր է ունեցել, սակայն հիմա Կարենը առավել ջերմ հարաբերություններ է հաստատել ՀՀԿ-ականների հետ, որտեղ նա այսօր բազմաթիվ ընկերներ ունի:

«Հրապարակ»-ը գրել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ «Բարգավաճ Հայաստանն» այցելել էր Վայոց Ձոր և 10 հատ տրակտոր էր տարել հետը: «Բայց զավեշտալին այն է, որ Գագիկ Ծառուկյանը նվերը հանձնելուց հետո հայտարարել էր, որ տրակտորներն ընտրությունների հետ կապ չունեն, որ ԲՀԿ-ն ավելի վաղ էր որոշել մարզերը համալրել անհրաժեշտ տեխնիկայով»,- գրում է թերթը և նաև նշում, որ օրեր առաջ ԲՀԿ Վայքի գրասենյակում վայքեցիներին ցուցակագրել էին և ամեն ընտրողին խոստացել 25 կիլոգրամ ալյուր, որը, ի դեպ, դեռևս չեն բաժանել: «Հավանաբար, ալյուրը ստանալու ակնկալիքն էր վայքեցիներին հրապարակ բերել»,- գրում է թերթը:

Ի՞նչ քարոզչական հնարքներ են կիրառվում Հայաստանում.

«168 ժամ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե «Ինչպիսի՞ հնարքներ են կիրառվում Հայաստանում, հատկապես` նախընտրական քարոզարշավի շրջանում», բլոգեր, քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը պատասխանել է. «Ինձ համար զարմանալի է, որ Հայաստանում նախընտրական քարոզչությունը առավելապես հիմնված է կողմերի` իրար վրա ցեխ շպրտելու վրա: Ես նույնիսկ հատուկ բառ մտածեցի դրա համար` «ցեխարշավ», ոչ թե` քարոզարշավ: Կարծես թե մրցում են, թե ով ավելի շատ ցեխ կշպրտի հակառակորդի վրա, ով ավելի ցավոտ, խոցելի տեղ կգտնի: Այս պահին Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի հետաքրքիր երևույթ է նկատվում. Մարդիկ շատ արագ հոգնեցին այդ ցեխակռիվներից, ու մի տեսակ ապատիա սկսվեց: Արդեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր այս կամ այն կուսակցության կողմից քարոզարշավի են մասնակցում, իրենք են նշում, որ այ ժողովուրդ ջան, հերիք է, այս ընտրություններից հետո էլ է կյանքը շարունակվելու, եկեք հիշենք այդ մասին: Ընդհանրապես միջազգային պրակտիկայում սև PR կոչվածը նախ և առաջ համարվում է թույլի գործիք, դրան սովորաբար դիմում է թույլ կողմը, որն իր ուժեղ մրցակցին վարկաբեկելու խնդիր ունի»:

Զարմանազան.

«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ոչ մի բիզնես չունի, բայց միևնույն է` շահաբաժիններ է ստանում: Այս տվյալները ներառված են որպես պատգամավորի թեկնածու` նրա ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում:

Ըստ հայտարարագրի, նրա վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 18 մլն 415 հազար դրամ, որից 3 մլն 25 հազարը եղել է նրա` որոնես պատգամավոր ստացած աշխատավարձը, 11 մլն 250 հազար դրամը ստացել է որպես շահաբաժին` «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ից, իսկ 3 մլն 300 հազարը ստացել է «Ս.Վ.Ս» ՍՊԸ-ից: Ալեքսանյանը 2012-ի մարտի 1-ի դրությամբ, բանկային հաշիվներում ունեցել է 380 մլն դրամ և 9 մլն 385 հազար դոլար: Նա հայտարարագրել է չորս շինություն, վեց հողամաս և չորս ավտոմեքենա` երկու «Մերսեդես Բենց», որոնցից մեկը «500» մոդելի, մյուսը` «600», մեկական «Ռենջ-Ռովեր» և «Վազ 21124» մակնիշի: Ըստ հայտարարագրի, նա չունի ոչ մի գույք, որի արժեքը կգերազանցի ութ միլիոն դրամը, բայցևայնպես, ստացվում է, խաբել է` ասելով, թե նախընտրական քարոզարշավի փող չունի: Քարոզարշավի համար կարելի է ծախսել առավելագույնը տասը միլիոն դրամ, որի 38-ապատիկ նա ունի բանկային հաշվում:

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Բագրատաշեն գյուղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Էջմիածնում ընտրողների հետ հանդիպմանը իր մոտ ատրճանակ է եղել: «Ուրեմն իմացեք, որ նա էլ է եղել, նա էլ: Եթե զենքով եմ ման գալիս, վախենում եմ գլխիս մի հատ փորձանք կբերեք: Գրել են` Ծառուկյանի մոտ ատրճանակ կար, ժողովուրդը Ծառուկյանին սիրում ա, Ծառուկյանն էլ` ժողովրդին»,-ասել է Ծառուկյանը`սուտասան դարձնելով բոլոր նրանց, ովքեր մինչ այդ պնդում էին, թե ոչ մի զենք էլ չի եղել, այլ միայն «Vertu» հեռախոս էր»:

Անդրադառնալով Գյումրիում և Վանաձորում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու նախաձեռնությանը` ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում հայտնել է հետևյալ կարծիքը. «ՀՀում ԱՄՆ դեսպանությունը, Մեծ Բրիտանիայի դեսպանությունը աջակցում են այս նախաձեռնություններին: Ավելի արդյունավետ միջոց Հայաստանում հակաամերիկյան տրամադրություններ առաջացնելու տեսակետից, երևի հնարավոր չէ: Այսինքն՝ Վանյանն (փառատոնի կազմակերպիչխմբ.) իր իռացիոնալ, ծայրահեղական կեցվածքով և գործունեությամբ նպաստում է Հայաստանում հակաամերիկյան տրամադրությունների տարածմանը: Եվ առնվազն տարօրինակ է, որ մեր ամերիկյան գործընկերները սա չեն ընկալում: Անձամբ ես չէի ուզենա, որ Հայաստանում հակաամերիկյան տրամադրություններ տիրեին»:

«Առավոտ»-ն անդրադարձել է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հեռացման շուրջ ստեղծված իրադրությանը ու նշել, թե «Aravot.am»-ը Ս.Զոլյանից հետաքրքրվել է, թե երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ինչ հարցեր են քննարկել, վերջինս պատասխանել է. «No comment. այդ հարցը ուղղեք նախագահի մամուլի ծառայությանը»:

«Հրապարակ»-ն էլ այս թեմային անդրադառնալով` գրել է, թե նախագահը Սուրեն Զոլյանին ասել է, որ պաշտոնանկության հարցն իր հետ չի համաձայնեցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում