«Ժպտացեք խորհրդավոր». Ն.Փաշինյանի նամակը՝ ընտրողներին

Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը, որին սատարում է Հայ Ազգային կոնգրեսը, ընտրողների հետ հանդիպման ժամանակ նրանց ծրարով նամակ է հանձնում: Ի դեպ, յուրաքանչյուր ընտանիքի հասցեագրված է հենց իրեն ուղղված նամակ, ծրարի վրա գրված է կոնկրետ հասցե և հասցեատեր:
Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Իմ անունը Նիկոլ Փաշինյան է: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն եմ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ: Հիմա պատգամավորի թեկնածու եմ Երևանի թիվ 7 ընտրատարածքում, որի ընտրող եք Դուք: Իմ անունը առկա է նաև Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 7-րդ տեղում:
Գիտեմ` հոգնել եք, երբեմն` զզվել պատգամավորի զանազան թեկնածուներից, որ գալիս են ու գնում, իսկ Դուք մնում եք Ձեր հոգսերի ու խնդիրների հետ: Եվ չնայած սրան, ուզում եմ լինել Ձեր պատգամավորը: Ոչ թե «դեպուտատ» եմ ուզում դառնալ, այլ ուզում եմ լինել Ձեր պատգամավորը, որովհետև պատգամավոր` նշանակում է լինել ընտրատարածքի մարդկանց հավաքական կամքի, ցանկությունների, երազանքների կրողը, պայքարել նրանց պրոբլեմների լուծման համար:
Չեմ խոստանում ասֆալտ փռել, որովհետև դա պատգամավորի գործ չէ: Խոստանում եմ պարտադրել քաղաքապետարանին, որ անեն ավելի շատ ասֆալտ, քան անում են ընտրությունից ընտրություն: «Օգնություն» չեմ բաժանում. դա պատգամավորի գործ չէ: Բայց խոստանում եմ հետևողական լինել, որ «բարեգործները» վճարեն օրենքով սահմանված հարկերը, և այն, ինչ Ձեզ առաջարկվում է որպես «լավություն», ստանաք որպես վաստակած հասանելիք` թոշակի, նպաստի, աշխատավարձի, ձևով: Պրոթեզ, կամ ակնոցներ չեմ բաժանում, վիրահատության չեմ տանում, բայց խոստանում եմ հետևողական լինել, որ պետպատվերով հասանելիք արժանապատիվ բուժսպասարկումից օգտվեք առանց ծանոթի: Իմ խնդիրն է դառնալ Ձեր «ծանոթն» ու բարեկամը կառավարության, թաղապետարանի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ Ձեր օրինական հարաբերություններում:
Չեմ ասում, թե ընտրատարածքը դրախտ եմ դարձնելու: Սխալ չհասկանաք: Մի բանում վստահ եղեք. իմ ընտրության դեպքում Ձեզ հետ հաշվի են նստելու. երաշխավորում եմ: Ձեզ լսելու են, Ձեր ասածները ականջի ետև չեն գցելու, ու մենք իրար հետ լինելու ենք դուխով և ուժեղ:
Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն, ոչ ոք չի զարմանա: Երբ Դուք ինձ դարձնեք Ձեր պատգամավորը, Հայաստանն ալեկոծվելու է զարմանքից, Ձեր շնորհիվ, Ձեր որոշմամբ` նորոգվելու է Հայաստանի հավատը: Հիմա մի որոշեք ոչինչ. մինչև մայիսի 6-ը ժամանակ կա: Ու եթե մտքներովդ անցավ ինձ դարձնել պատգամավոր, ոչ ոքի մի ասեք այդ մասին: Դա թող լինի մեր գաղտնիքը: Ժպտացեք խորհրդավոր: Եկեք անակնկալ մատուցենք Հայաստանին:
Ձեր` Նիկոլ Փաշինյան
Հայ ազգային կոնգրես»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում