Այսօր Աշխատանքի միջազգային օրն է. Կոմկուսը կազմակերպել է ավանդական երթ

Այսօր՝ մայիսի 1-ին, Աշխատանքի միջազգային օրն է:

Աշխատավորների տոնը նշվում է աշխարհի ավելի քան 142 երկրներում: Այն սկիզբ է առել 19-րդ դարի վերջին, իսկ մասնավորապես, 1886 թվականի մայիսի 1-ին ամերիկյան բանվորները գործադուլ են կազմակերպել` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլը և ուղեկցվող ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ արյունահեղ բախումներով: Նույն թվականին ԱՄՆ-ում և Կանդայում ևս բռնկվել են արյունահեղ ցույցեր, որոնց ընթացքում զոհվեցին բազմաթիվ մարդիկ:

1889 թվականի հուլիսին II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսն ի հիշատակ Չիկագոյի բանվորների ելույթների որոշում է կայացնում մայիսի 1-ին ամենամյա երթերի մասին: Առաջին անգամ աշխատավորների համերաշխության միջազգային օրը նշվել է 1890 թվականին` Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի քանի այլ երկրներում:

Այս օրվա կապակցությամբ Google  որոնողական համակարգը հաճելի մի տեսահոլոված է պատրաստել իր օգտատերերի համար՝ կոչ անելով բոլորին թողնել աշխատանքը և վայելել Մայիսի 1-ը:

Այսօր Երևանում նաև կայացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից կազմակերպած մայիսմեկյան ավանդական երթը, որը մեկնարկել է Մարտիրոս Սարյանի արձանի հարակից տարածքից և ավարտվել Ստեփան Շահումյանի արձանի մոտակայքում՝ հանրահավաքով:

Երթը գլխավորում էին Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը և Կոմունիստական միացալ առաջադիմական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը, ով գալիք խորհրդարանական ընտրություններում Կոմկուսի հետ հանդես է գալիս միասնական համամասնական ցուցակով:

Մեծամասամբ շրջաններից հավաքված երթի մասնակիցներն իրենց հետ ունեին նաև երբեմնի Խորհրդային ժամանակաշրջանի վերաբերյալ հիշողություններ արթնացնող՝ «Կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է», «Հայաստան, սոցիալիզմ, աշխատանք», «Հողը՝ գյուղացուն» «Խաղաղություն. աշխատանք. մայիս», «Կեցցե մայիսի 1-ը» կարգախոսներով պաստառներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում