ՌԴ նախագահ Վ. Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետի հետ

ՌԴ նախագահ Վ. Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Անդրկովկասում տրանսպորտային, լոգիստիկ և առևտրատնտեսական կապերի վերականգնմանն ուղղված նախագծերին։

Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացնում է, որ զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:

Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ ադրբեջանցի մի խումբ սադրիչներ Շուշիի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ՌԴ նախագահը զանգել է Ալիևին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների որոշ կիրառական հարցեր՝ ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնումը։

Նշենք, որ Լաչինի միջանցքը մինչ այս պահը փակ է։ Ադրբեջանցի սադրիչները վրաններ են տեղադրել Շուշիի հատվածում՝ հարյուրավոր հայ քաղաքացիների ցուրտ եղանակին թողնելով ճանապարհին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում