Իրավիճակն Արցախում։ Լուծումների փնտրտուք և քաղաքական քայլեր

Իրավիճակն Արցախում։ Լուծումների փնտրտուք և քաղաքական քայլեր

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ  դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի  ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման  հետևանքով  ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ընդգծվել է,  որ  միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է  2020 թվականի նոյեմբերի  9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները   հերթական անգամ  խախտում է ադրբեջանական կողմը: Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով  միջանցքի փակումը, որը բերելու է  Արցախում հումանիտար աղետի:

Նշենք, որ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է  Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Իսկ ահա Արցախի խորհրդարանում որոշել են արտահերթ նիստ գումարել և քաղաքական գնահատականներ տալ Ադրբեջանի սադրիչ գործողություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում