«Հայաստանը չի պատրաստվում դառնալ ուրիշ բան»․ Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է ԵՄ հայտի ու Մոսկվայի սպառնալիքների մասին հարցերին
Կարդացեք նաև
Բրյուսելում ընթացող Euronews-ի կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Եվրոպական Միությանը լիարժեք անդամակցության հայտ ներկայացնելու հնարավոր ժամկետներին։ Պատասխանելով մի քանի անգամ հնչեցված այդ հարցին՝ կառավարության ղեկավարը հստակ ամսաթիվ չի նշել, սակայն ընդգծել է, որ դա հեռու ապագայի հարց չէ։ Նրա խոսքով՝ հաջորդ տարին կամ 2028 թվականը կարող են իրատեսական լինել, սակայն այժմ Երևանի հիմնական թիրախը 2029 թվականին վիզաների ազատականացման հասնելն է, ինչը կարևոր միջանկյալ փուլ կհանդիսանա։ Փաշինյանը նշել է, որ արդեն իսկ մեկնարկել է գործընթաց, որը երկրին կբերի անդամակցության հայտ ներկայացնելու վերջնական որոշմանը։
Գագաթնաժողովից առաջ Եվրոպական խորհրդարանի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպած վարչապետը փաստել է, որ Եվրոպայում առկա է ընդլայնման քաղաքական ուժեղ կամք, ինչը լավատեսություն է ներշնչում Հայաստանին։ Անդրադառնալով Մոսկվայի հետ հարաբերություններին և Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի սպառնալից հայտարարություններին, թե Հայաստանը կարող է «նոր Ուկրաինա դառնալ»՝ Փաշինյանը դրանք որակել է ոչ կառուցողական։ Նա ընդգծել է, որ Հայաստանի նպատակը սեփական անկախությունն ու ինքնիշխանությունը զարգացնելն է, իսկ արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացումն ու հավասարակշռումն ուղղված են հնարավոր ռիսկերը կառավարելուն և ժողովրդի համար դեմոկրատական իրական ընտրություն ստեղծելուն։