Ս.Սարգսյան. «Հայաստանում օրենքի առջև պիտի բոլորը լինեն հավասար՝ հարուստ, թե աղքատ, կառավարող, թե ընդդիմադիր»
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպում է ունեցել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ, տեղեկանում են ՀՀԿ կենտրոնական գրասենյակից։
Նշելով, որ ավարտին է մոտենում Ազգային ժողովի ընտրությունների համար օրենքով նախատեսված քարոզարշավի շրջանը՝ Հանրապետական կուսակցության նախագահը Հայաստանի բոլոր մարզեր, բազմաթիվ գյուղական ու քաղաքային համայնքներ այցելություններից հետո իր եզրահանգումներն է ներկայացրել:
«Առաջինը, մենք՝ բոլորս միասին, մեր ողջ ժողովրդով հանդերձ, էապես առաջ ենք գնացել յուրաքանչյուրիս համար ուժեղ և պաշտպանված Հայաստան կառուցելու ճանապարհին: Դա վերաբերվում է ոչ միայն մեր Զինված ուժերին, այլև, միգուցե՝ առաջին հերթին, մեր պետական հաստատություններին:
Դրա լավագույն վկայությունն է Հայաստանի հասունացող ժողովրդավարությունը, որի ներքո անցնում է այս քարոզարշավը: Դրա լավագույն վկայությունն է այն խիստ մրցակցային ու բաց մթնոլորտը, որի պայմաններում թեկնածուները ընտրություն կատարելու հնարավորություն են ստեղծում մարդկանց համար:
Սուր բանավեճն ու տարաձայնությունները, որոնք բնականաբար պիտի ուղղորդեին ընտրական գործընթացը, ընդհանուր առմամբ անցնում են օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Դրանք ապացուցում են մեր կուսակցությունների և ընտրական գործընթացը կարգավորող ինստիտուտների հասունությունը: Դրանք, վերջիվերջո, ապացուցում են մեր անկախության անշրջելի բնույթը»,-ասել է ՀՀԿ նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կարող է միայն հպարտ լինել այդ արդյունքով և գտնում է, որ միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակությունն էլ ավելի ամրապնդելու ավելի լավ ու ճիշտ ձև գոյություն չունի:
ՀՀԿ նախագահի խոսքով, Հայաստանը փոքր երկիր է, ուստի և շատ վտանգավոր են քաղաքական մրցակցությունը թշնամության վերածելու, ինչպես նաև քաղաքական փոքրամասնությանը մեկուսացնելու ու ասպարեզից դուրս մղելու ցանկացած փորձ: «Մենք այդքան հարուստ չենք, որ ամեն մի ընտրությամբ մեզ թույլ տանք դանդաղեցնել մեր տնտեսության աճը: Ո՛չ էլ այդքան շատ ենք, որ մեզ թույլ տանք ամեն մի ընտրության ժամանակ մարդկանց թշնամացնել:
Այսուհետ ևս մենք՝ բոլորս միասին, պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր քաղաքական կյանքը կառավարվի ազգային համաձայնության սկզբունքով: Պիտի ի սպառ վերացնենք պարտադրանքով հարցեր լուծելու մտայնությունը: Որքան էլ մեծամասնությունը օժտված է լիազորություններով, այն պարտավոր է առավելագույն ուշադրություն ցուցաբերել քաղաքական փոքրամասնությունների հանդեպ»,-Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասել է Հանրապետական կուսակցության նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հանրապետականը ձեռքբերումներից բացի շատ լավ գիտի նաև մեր երկրում առկա թերությունները և երբեք չի հրաժարվել դրանց մասին ևս խոսելուց: Նրա համոզմամբ, հենց դրանում է Հանրապետականի ուժը: «Մենք շարունակելու ենք ամրապնդել արդարությունը յուրաքանչյուրի համար: Մենք կառուցում ենք նոր հայրենիք, նոր Հայաստան, որը հավասար հնարավորությունների երկիր է: Իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն՝ անկախ իրենց քաղաքական կամ տնտեսական դիրքից:
Մենք պետք է բացառենք արդարության կուսակցականացումը: Մենք պետք է բացառենք արդարության կիրառումն ըստ հասարակական դասերի ու խավերի: Հայաստանում օրենքի առջև պիտի բոլորը լինեն հավասար՝ հարուստ, թե աղքատ, կառավարող, թե ընդդիմադիր:
Ի վերջո, այս կյանքում շատ բան անցողիկ ու փոփոխական է: Պիտի բոլորն էլ հիշեն, որ այսօրվա իշխանությունը վաղվա ընդդիմությունն է լինելու, իսկ ունեզուրկը՝ կարողություն է ստեղծելու իր ձեռներեցությամբ ու ազնիվ աշխատանքով:
Հանրապետականը կանգնելու է հանուն իր իրավունքների պայքարող յուրաքանչյուրի կողքին:
Մենք խրախուսելու ենք մարդկանց երբե՛ք չխուսափել բողոքելուց և, ըստ անհրաժեշտության, դիմել մեր պետության վերահսկողական և կարգավորիչ մարմիններ:
Մենք պահպանելու ենք երկրի կայունությունը արտաքին միջավայրի ցանկացած փոփոխության ու ճգնաժամերի պայմաններում:
Մենք շարունակելու ենք բացել քաղաքական համակարգը և մերժել անհատապաշտ առաջնորդների և մեծ փողի պարտադրանքը:
Մենք շարունակելու ենք փոխել քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը և այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունը:
Մենք մերժել ու մերժում ենք հրապարակային հայհոյանքն իբրև քաղաքական երևույթ: Ազատ խոսքի, այդ թվում նաև լրագրողների հանդեպ բռնությունների` մասնավորապես ֆիզիկական բռնությունների գարշելի երևույթը մենք համարել ենք ու համարելու ենք անընդունելի:
Մենք հավատում ենք: Եվ մենք փոխելու ենք»,-ընտրողներին վստահեցրել է Սերժ Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում