Մամուլն այսօր. Ո՞րն է «լռության օրվա» իմաստը

Ո՞րն է «լռության օրվա» իմաստը.

«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Հաշվի առնելով մեր իրականության առանձնահատկությունները` ընտրություններից առաջ լռության օր հայտարարելն այնքան էլ իմաստալից չէ: Նախ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր լռել սոցիալական ցանցերում, և արդյոք որևէ մեկը կարո՞ղ է վերահսկել և արգելակել կարգավիճակներ և մեկնաբանություններ գրելը, ասենք՝ «Ֆեյսբուքում»: Երկրորդ` քարոզչության և «չքարոզչության» սահմանագիծը բավականին պայմանական է: Ոմանք, օրինակ, հարցազրույց են տալիս և հայտարարում են, որ նախընտրական քարոզչությամբ չեն զբաղվելու, բայց իրականում շատ լավ էլ զբաղվում են` ունենալով միանգամայն կոնկրետ թիրախ: Քարոզելու համար անպայման չէ կոչ անել քվեարկել սրան կամ նրան` բավական է ասել, օրինակ, որ քեզ դուր չի գալիս սրա կամ նրա դեմքի արտահայտությունը: Այստեղ էլ ամեն մի բառի կամ նախադասության վերաբերյալ ոչ ոք փորձագիտական վերլուծություններ չի անելու:

Մյուս կողմից` ուրախ եմ, որ գոնե բաց, անթաքույց քարոզչություն հրապարակում, թերթերում և «պաշտոնապես թույլատրված» եթերում չի լինի, որովհետև բառերի առատությունից մարդիկ հոգնել են. նրանք, ովքեր կիրակի օրը ցանկանում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը, պետք է միայնակ մնան իրենց մտքերի հետ, և եթե համացանցում չհայտնվեն, ապա ազատված կլինեն բառերի այդ տարափից: Դրանում է միջազգայնորեն ընդունված «լռության օրվա» իմաստը»:

Զարմանազան.

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն` հինգշաբթի օրն արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ կառավարության շենքի մոտ: 35-ամյա մի տղամարդ հանկարծակի հարձակվել է կառավարության շենքի վրա և բռունցքներով կոտրել ապակիները: Մի քանի վայրկյան անց ոստիկանները հայտնվել են «դեպքի վայր» և ոլորելով երիտասարդ տղամարդու ձեռքերը` նրան մեկուսացրել են: Ըստ թերթի տեղեկությունների`35-ամյա տղամարդն Ալբերտ Նիկողոսյանն է, որը հոգեկան խնդիրներ ունի: Թերթը տեղեկացել է նաև, որ Ալբերտի հարազատները ներկայացել են ոստիկանություն և հայտնել, որ իրենց որդին հոգեբուժարանում բուժվում է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաստատել են «Ժողովուրդ»-ի տեղեկությունը` հավելելով որ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Թերթը  նաև տեղեկացնում է, որ Երևանում 2012 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի շուկայական միջին գները, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,5%-ով` կազմելով 250,1 հազ. դրամ: 2011թ. հունվարի համեմատ` բնակարաններն էժանացել են 3,8%-ով: Մայրաքաղաքում ամենաթանկ բնակարանները շարունակում են մնալ Կենտրոն վարչական շրջանում (1քմ` 400 հազ. դրամ), ամենաէժանը` Նուբարաշենում (1քմ` 140,1 հազ. դրամ): Նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ ամենից շատ էժանացել են բնակարանները Կենտրոնում` 9,7%-ով, ամենից քիչը` Աջափնյակում ու Մալաթիա-Սեբաստիայում:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Առավոտ»հետ զրույցում խոսելով արտաքին քաղաքական խնդիրների մասին` ասել է. «Հայաստանի վիճակն ավելի «գերբեռնված» կարող է դարձնել այն, որ Վրաստանը ստանա ՆԱՏՕի ասոցացված անդամի կարգավիճակ, ինչը հնարավոր է տեղի ունենա շուտով, այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում ՀՀի անվտանգությունն ապահովող ռուսական ռազմաբազաներին: Սրան գումարվում են նաև ամերիկաիրանական խնդիրները, որոնք ոչ միայն իրենց չեն սպառել, այլև գնալով վիճակն անկառավարելի է դառնում»: Կարապետյանի կարծիքով՝ ՀՀի համար պակաս կարևոր չի համարվում սիրիաթուրքական խնդիրները, որոնք, ըստ նրա, լուրջ սպառնալիք կարող են լինել Մերձավոր Արևելքի հայկական սփյուռքի համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում