Բրազիլիայում արտակարգ դրություն է․ ցուցարարները գրավել են կառավարական շենքերը

Բրազիլիայում արտակարգ դրություն է․ ցուցարարները գրավել են կառավարական շենքերը

Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Բրազիլիան է․ հունվարի 8-ին կայացած նախագահական ընտրություններից հետո այստեղ զանգվածային անկարգություններ են սկսվել։

Ընտրություններում պարտված Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները դուրս են եկել մայրաքաղաք Բրազիլիայի փողոցներ՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Փայտերով ու քարերով զինված ցուցարարները գրավել են մայրաքաղաքի Կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահական նստավայր (Պլանալտո պալատ), ինչպես նաև մտել Գերագույն դատարանի շենք, որտեղ կոտրել են կահույքն ու խարույկներ վառել։

Բրազիլիայի մայրաքաղաքում մինչև հունվարի վերջ արտակարգ դրություն է հայտարարվել։ Մայրաքաղաքի դաշնային շրջանի ռազմական ոստիկանության ուղղաթիռը խլացուցիչ և լուսարձակող նռնակներ, ինչպես նաև արցունքաբեր գազի նռնակներ է նետել ցուցարարների վրա։

Բրազիլիայի ոստիկանական ստորաբաժանումները կարողացել են ցուցարարներին դուրս մղել կառավարական շենքերից, կան շուրջ 400 ձերբակավածներ, որոնց սպասվում է մինչև 12 տարի ազատազրկում։

«Վստահ եղեք, նման բան այլևս չի կրկնվի։ Մենք կփորձենք բացահայտել այս ամենը ֆինանսավորողներին, ովքեր վճարել են այս բոլոր մարդկանց ճանապարհորդության, կացարանի և սննդի համար։ Նրանք թանկ կվճարեն»,- ասել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան։

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ Բրազիլիայում կառավարական շենքերի վրա հարձակված ցուցարարները, ի աջակցություն իրեն, խախտել են օրենքը։

Բազմաթիվ երկրների ղեկավարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել են Բրազիլիայում կատարվող անկարգությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում