Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ-ի զորավարժությունները չեն կայանա․ Կրեմլից արձագանքել են

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ-ի զորավարժությունները չեն կայանա․ Կրեմլից արձագանքել են

ՀՀ ՊՆ-ն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում  նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում և այդ զորավաժությունները, համենայն դեպս, այս տարի չեն կայանա։

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է, որ շտաբը դիտարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։

Նա պարզաբանել է, որ միացյալ շտաբի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունն այն մասին, որ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ Հայաստանի տարածքում զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չէ։

Իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը РБК-ին այս կապակցությամբ ասել է հետևյալը․

«Սա Հայաստանի վարչապետի նոր հայտարարությունն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում