Վրաստանը չի պատրաստվում սպառազինություն տրամադրել Ուկրաինային ․ Միջազգային ամփոփ լուրեր

Վրաստանը չի պատրաստվում սպառազինություն տրամադրել Ուկրաինային ․ Միջազգային ամփոփ լուրեր

Թուրքիան աջակցում է Ռուսաստանի հետ հաշտություն կնքելու Զելենսկու 10 կետից կազմված ծրագրին

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, թե պաշտոնական Անկարան աջակցում է Կիևի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման 10 կետից բաղկացած ծրագրին: Ըստ Չավուշօղլուի՝ թուրքական կողմն աշխատում է փաստաթղթի վրա։

«Մենք կարծում ենք, որ այս պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, լավ կլինի, եթե դրան հասնենք որքան հնարավոր է շուտ։ Անցյալ տարվա մարտին Ստամբուլում որոշակի զարգացումներ եղան, բայց ի հայտ եկան նոր պարամետրեր ու իրողություններ։ Ռուսաստանը հիմա իր պատրաստակամությունն է հայտնում բանակցությունների հարցում, Զելենսկին առաջ է քաշել 10 կետից բաղկացած ծրագիր: Մենք աջակցում ենք այս ծրագրին և աշխատում ենք  դրա վրա»,- ասել է Չավուշօղլուն Հարավային Աֆրիկայում կայացած մամուլի ասուլիսում։

Նշենք, որ դեռևս 2022թ-ի նոյեմբերին մեծ յոթնյակի երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Զելենսկին խոսել էր այդ 10 կետերի մասին, որոնք իրենցից ենթադրում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում,էներգետիկ և տնտեսական անվտանգության երաշխիքներ և այլ սկզբունքներ։

«Թալիբան»-ը կարգադրել է փակել կանանց գեղեցկության սրահներն ու իգական սեռի ներկայացուցիչներին արգելել աշխատել առևտրի կենտրոններում

Աֆղանստանի կառավարությունը, որը ձևավորվել է «Թալիբան» շարժման անդամների կողմից, 10-օրյա ժամկետ է սահմանել կանանց գեղեցկության սրահների փակման համար և իգական սեռի ներկայացուցիչներին արգելել աշխատել առևտրի կենտրոններում:

Նախկինում թալիբները կարգադրել էին Աֆղանստանում գործող բոլոր տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին դադարեցնել կին աշխատակիցների աշխատանքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թալիբանի կառավարության բարձրագույն կրթության նախարարությունը կարգադրել էր Աֆղանստանի մասնավոր և պետական բուհերում դադարեցնել աղջիկ ուսանողների ուսումնառությունը: Աֆղանստանի կրթության նախարարն ասել է, որ աշխարհիկ բուհերում աղջիկների կրթությունը հակասում է իսլամի օրենքներին և իսլամական ավանդույթներին

Վրաստանը Ուկրաինային չի վերադարձնի «Բուկ» զենիթահրթիռային կոմպլեկսները

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ Թբիլիսին չի պատրաստվում վերադարձնել 2007թ-ին Ուկրաինայից ստացած «Բուկ» զենիթահրթիռային կոմպլեքսները։ Նախարարությունում հայտնել են, որ այն ժամանակ Վրաստանը հակաօդային պաշտպանության համակարգերը ոչ թե նվեր է ստացել, այլ ձեռք է բերել բազմամիլիոնանոց պայմանագրի հիման վրա։

Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ Ուկրաինային սպառազինություն չի մատակարարելու, քանի որ չի պատրաստվում որևէ կերպ դառնալ կոնֆլիկտի մասնակից։

Նշենք, որ նախօրեին Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը ուկրաինական «Европейская правда» պարբերականում հրապարակված իր հոդվածում ասել էր, թե Կիևը Թբիլիսիին խնդրել է վերադարձնել 2008 թվականին փոխանցված «Բուկ»-երը։

Պերուում հակակառավարական ցույցերի ժամանակ 17 մարդ է զոհվել

Առնվազն 17 մարդ է զոհվել և 52-ը վիրավորվել Պերուի Հուլյակա քաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ։

Հունվարի 6-ին Ջուլյակայի օդանավակայանի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարները պահանջում են նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը և պետության ղեկավարի նոր ընտրություններ։ Վարչապետ Ալբերտո Օտարոլան հայտարարել է, որ երեքշաբթի օրը պատվիրակություն կմեկնի Պունո՝ ցուցարարների հետ երկխոսելու համար։

2022 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Պեդրո Կաստիլյոյին իշխանությունից հեռացնելուց հետո Պերուում լայնածավալ բողոքի ցույցեր են սկսվել։ Դրանց մասնակիցները փակել են ճանապարհները, գրավել օդանավակայանները, գրոհել կառավարական և իրավապահ մարմինների շենքերը։ Անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է մոտ 30 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում