Գերմանացի վիրաբույժն այցելել է փուչիկների պայթյունից տուժած երեխաներին
Նմանատիպ
Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ Հայաստան է հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը:
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, գերմանացի պրոֆեսորը երեկ եղել է Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում: Մինչ հիվանդներին այցելելը` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նրան ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ օգնություն է ցուցաբերվել տուժածներին:
«Ընդհանրապես, բժշկական աշխարհում ընդունված է համատեղ կոնսիլիումներ, փորձի փոխանակում անցկացնելը, որպեսզի բուժումը լինի մաքսիմալ արդյունավետ»,- Այրվածաքաբանության կենտրոնում լրագրողների հետ զրույցում նշել է Հարություն Քուշկյանը և հավելել, որ հրավիրվել է լավագույն մասնագետներից մեկը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ բավականին դրական փոփոխություններ կան, գերմանացի բժիշկն այցելելու է բոլոր հիվանդներին, կատարելու է անհրաժեշտ բոլոր միջամտությունները:
«Մեր բժիշկների հետ համատեղ նա կպլանավորի հիվանդների հետագա բուժումը և վարման կարգը: Կան հիվանդներ, որոնք երկարատև և խիստ մասնագիտացված բուժման կարիք ունեն»,- նշել է նախարարը, հավելելով, որ գնալու են մինչև վերջ, բոլոր հիվանդներին բուժելու են, ոչ մի սպի չեն թողնելու:
Նախնական տվյալներով` գերմանացի բժիշկը Հայաստանում կլինի երկու օր, բայց եթե կարիք լինի, ապա նա երկար կմնա: «3-րդ աստիճանի այրվածքով 2 հիվանդ կա: Գերմանացի բժիշկը բավականին դրական գնահատեց մեր բժիշկների կատարած աշխատանքը և մենք սպասում ենք լավ արդյունքների»,- տեղեկացրել է Հարություն Քուշկյանը: Նախարարը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ վիրահատական ծախսերը հոգալու է պետությունը:
Իսկ գերմանացի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այստեղ տեսել է երկու ծանր դեպք, որոնց հավանաբար անհրաժեշտ կլինի վիրահատություն, կան նաև թեթև դեպքեր: Պրոֆեսորը լինելու է նաև այլ հիվանդանոցներում, զննելու է բոլոր հիվանդներին, և անելու է առաջարկություններ նրանց բուժման առնչությամբ:
«Եթե հանկարծ անհրաժեշտ լինի օգնություն կամ բուժում Գերմանիայում, ապա մենք պատրաստ ենք, ես առաջարկում եմ իմ օգնությունը, թեև այստեղ իսկապես լավ մասնագետներ կան»,- նշել է Ադրիան Դայգլերը:
Նա բարձր է գնահատել, թե ինչպես են հիվանդները Հայաստանում բուժում անցնում` շեշտելով, որ «այստեղ նրանք գտնվում են լավ ձեռքերում»:
Նշենք, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից 56-ը դեռևս գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 2-ը` վերակենդանացման բաժանմունքներում: Իսկ 85 հիվանդ ամբուլատոր բուժման մեջ է. թեև դուրս են գրվել, բայց ժամանակ առ ժամանակ գնում են կոնսուլտացիայի, վիրակապության և այլն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում