Հունաստանի վերջին թագավորի հուղարկավորությունից մինչև Դավոսի տնտեսական ֆորում․ միջազգային ամփոփ լրահոս

Հունաստանի վերջին թագավորի հուղարկավորությունից մինչև Դավոսի տնտեսական ֆորում․ միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Հունաստանի վերջին թագավորի հուղարկավորությունը

Հունաստանում մահացել է այդ երկրի վերջին միապետ Կոստանտինոս Երկրորդը։ Վերջինս գահակալել է 1964-1974 թվականներին և մահացել 82 տարեկան հասակում։

Կոնստանտինոս Երկրորդի հուղարկավորության առիթով Հունաստանի մայրաքաղաք Աթենք են ժամանում եվրոպական տարբեր երկրների միապետներ, թագուհիներ, արքայական ընտանիքների այլ ներկայացուցիչներ։ Նրանց թվում են Իսպանիայի թագավորն ու թագուհին, Դանիայի թագուհին, Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Ուելսի դուքսն ու նրա կինը՝ Ուելսի դքսուհին, Բելգիայի թագուհին, Շվեդիայի թագավորն ու թագուհին, Նիդեռլանդների արքայադուստրը և այլն:

Ռազմական աջակցություն Ուկրաինային

Գերմանիան սկսել է Patriot զենիթահրթիռային համակարգերի սպասարկումն ապահովող անձնակազմի տեղափոխումը, որոնք առաջիկա օրերին կվերատեղակայվեն Լեհաստանում: «Բունդեսվերը սկսել է իր Patriot համակարգի վերատեղակայումը Լեհաստան: Առաջին զինվորներն այսօր պետք է իրենց մեքենաներով մեկնեն Բադ Սիլզից (Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա)»,-գրում է DPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության իր աղբյուրներին:

Իսկ ահա Bloomberg գործակալությունը տեղեկացնում է, որ Արևմտյան երկրները Կիևին ավելի քան 4000 միավոր զրահատեխնիկա, հրետանային զենքեր և այլ համակարգեր են մատակարարել։

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտն այսօր հրաժարական է տվել, որի գլխավոր պատճառը ամանորի նախօրեին նախարարի տեսաուղերձն է, որտեղ Լամբրեխտը տոնական հրավառության հնչյունների ներքո խոսել է Ուկրաինայում ընթացքող պատերազմի և դրա բացասական հետևանքներ մասին։

Մամուլի և ընդդիմախոսների անխնա քննադատությունն ի վերջո հանգեցրեց նախարարի հրաժարականին, թեև գերմանական մամուլը գրում է, որ արդեն նախկին պաշտպանության նախարարի հրաժարականը վաղուց սպասված էր, քանի որ փորձագետներն իսկզբանե տարակուսանք ունեին նրա կոմպետենտության հարցում, և շատերը նաև նրան էին մեղադրում Ուկրաինա ծանր տեխնիկա ուղարկելու՝ Գերմանիայի անվճռականության համար։

Դավոսի ֆորում

Այսօր մեկնարկել է Դավոսի տնտեսական ֆորումը, որը կտևի մինչ հունվարի 20-ը։ Միջազգային մամուլն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այս տարի Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում Ռուսաստանից որևէ միլիարդատեր չի լինի։

Բացի ռուսաստանցիներից, այս տարվա ֆորումը բաց կթողնեն միլիարդատերերը Չինաստանից, որի տնտեսությունը դեռ չի վերականգնվել կորոնավիրուսի շարունակվող բռնկումներից և արժեթղթերի շուկայի անկումից հետո, նշում է Bloomberg-ը։

Նշենք, որ Դավոսի ֆորումին այս տարի կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իսկ ահա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է ֆորումին մասնակցելու կազմակերպիչների հրավերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում