«Դավոս 2023». բիզնես ոլորտի համար կիբեր սպառնալիքները մեծացել են
Նմանատիպ
Անցյալ տարվա փետրվարից սկսած աշխարհաքաղաքական իրավիճակը հասավ կրիտիկական մակարդակի, ինչի հետևանքով համաշխարհային տնտեսության մատակարարման շղթաները տեղ-տեղ սկսեցին «քանդվել»՝ էներգետիկ ու պարենային ոլորտներում առաջացնելով լրջագույն խնդիրներ:
Ճգնաժամի բարձր ռիսկերը չեն շրջանցում նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտը: Ավելին, այս ոլորտի արագ զարգացմանը զուգահեռ, նույն տեմպով աճում է վերջինիս խոցելիությունը: Կիբեր հանցագործները (հաքերներ), որոնցից շատերն ունեն աշխարհաքաղաքական ուղղորդում և դրդապատճառներ, այժմ ավելի հաճախ են «ի ցույց դնում» իրենց մասնագիտական ունակությունները:
Կիբերանվտանգության ոլորտի փորձագետների 93%-ը հակված է այն կարծիքին, որ առաջիկա երկու տարվա ընթացքում կիբերհարձակումների ռիսկը կգնահատվի «բարձր»:
Նշվածի մասին վկայում է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում հրապարակված Global Cyber Outlook 2023 զեկույցը, որտեղ նշվում է, որ ամբողջ աշխարհում աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշություններն ավելի են խորացնում «աղետալի» կիբերհարձակումների վտանգը՝ միաժամանակ մեծացնելով տնտեսությունների «շարժիչ ուժի»՝ տարբեր ոլորտների բիզնեսների ռիսկերը: Ասել է թե յուրաքանչյուր «հաջողված» կիբերհարձակում կարող է հանգեցնել բիզնեսում լայնածավալ խափանումների, համբավի ռիսկի և ֆինանսական զգալի կորուստների:
Խնդիրն ավելի է լրջանում բիզնեսների փոխկապակցվածության պատճառով: Խոսքն այն մասին է, որ, օրինակ, բիզնեսի ծառայություններից օգտվող սպառողների տվյալները փոխանցվում են կամ կարող են փոխանցվել տեխնոլոգիաները սպասարկող կազմակերպություններին, ինչի հետևանքով տվյալները տարածվում են մատակարարման շղթաներում: Սա նշանակում է, որ հաքերները «հաջողված» հարձակման պայմաններում կարող են մի ընկերությունից հանգիստ անցնել մեկ այլ ընկերության «տարածք»: Հետևաբար, բիզնեսների մոտ արդարացիորեն վախ է առաջանում երրորդ կողմի կիբերանվտանգության ապահովվածության մասով, քանի որ, փաստորեն, միայն սեփական կիբերանվտանգությունն այլևս լիովին բավարար չէ հարձակումներին դիմակայելու համար:
Արդյունքում, ըստ զեկույցի, բիզնեսները փորձում են ուժեղացնել իրենց «տարածքի» վերահսկողությունը երրորդ կողմի մուտքի նկատմամբ: Ըստ նույն զեկույցի, հատկանշական է, որ այժմ խոշոր բիզնեսների ռազմավարություններում ամենաբարձր առաջնահերթությունը համարվում է կիբերդիմակայությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում