Այսօր Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 34-ամյակը:

Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պատմության ամենամեծ հաջողություններ գրանցած ֆուտբոլիստն է, ով իր կարիերայի ընթացքում հանդես է եկել և շարունակում է խաղալ եվրոպական մի շարք գրանդ ակումբներում։

Որտեղ էլ որ խաղացել է Հենոն, ամենուր նա եղել է թիմի կարևոր խաղացողներից մեկը, ու չնայած երբեմն ծագող դժվարություններին՝ վստահաբար կարելի է փաստել, որ Մխիթարյանն իր սերնդի լավագույն կիսապաշտպաններից մեկն է։

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին: Կյանքի առաջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում, քանի որ նրա հայրը՝ Երևանի «Արարատի» նախկաին հարձակվող Համլետ Մխիթարյանը, հանդես էր գալիս տեղի «Վալանս» թիմում։ 1996թ վերջինիս անժամանակ մահվանից հետո նա ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է շարժվել հոր ճանապարհով՝ դառնալով ֆուտբոլիստ։

Հենրիխ Մխիթարյանը Երևանի «Փյունիկի» սան է: 2009թ նա նախ տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», ապա տեղի «Շախտյոր»: 2013-16թթ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», որտեղ էլ ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ 2015-16 մրցաշրջանում ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ, ինչը շատ կարևոր նվաճում է։

Henrikh Mkhitaryan: I will never forget my time at Borussia Dortmund

Ցուցադրած տպավորիչ խաղի շնորհիվ Մխիթարյանը հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում և 2016թ-ին ավելի քան 41 մլն․ եվրոյով տեղափոխվեց Անգլիա։

Այստեղ Հենրիխի համար ամեն ինչ հեշտ չդասավորվեց․ «Կարմիր սատանաների» «յուրահատուկ» մարզիչ Ժոզե Մոուրինյոի հետ Մխիթարյանի հարաբերություններն ակնհայտ խնդրահարույց էին, սակայն այդքանով հանդերձ՝ Հենրիխը ակումբի կազմում նվաճեց իր կարիերայի ամենամեծ տիտղոսը՝ դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող և եզրափակիչում գոլի հեղինակ։

Polémica por la presencia de Henrikh Mkhitaryan en la final de la Europa League en Bakú – Diario Armenia

«Մանչեսթեր Յունայթեդից» հետո Մխիթարյանը կարիերան շարունակել է Լոնդոնի «Արսենալում»: 2019 թվականից հանդես է գալիս Իտալիա Ա սերիայում, նախ Հռոմի «Ռոմայի», իսկ 2022-ից Միլանի «Ինտերի» կազմում:

Հենրիխ Մխիթարյանը անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է: Նա 5 տարբեր երկրներում նվաճել է 19 մրցանակ՝ 7-ական Հայաստանում և Ուկրաինայում, 2-ական՝ Անգլիայում և Գերմանիայում, 1՝ Իտալիայում (երեք օր առաջ նվաճել է այդ երկրի Սուպերգավաթը), բացի այդ տիրել է եվրոպական երկու մրցաշարերի՝ Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի գավաթներին:

Henrikh Mkhitaryan won the first trophy, the Italian Super Cup, as part of Inter Milan. t.me/armenianpositive : r/armenia

Հենրիխ Մխիթարյանը 10 անգամ ճանաչվել է Հայաստանի (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2019, 2020 թվականներ), երկու անգամ՝ ԱՊՀ երկրների լավագույն ֆուտբոլիստ (2012, 2013թթ): Նա նվաճել է նաև բազում անհատական մրցանակներ:

Հենրիխ Մխիթարյանը Երևանի պատվավոր քաղաքացի է (2012թ), բացի այդ հանդիսանում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը:  «Ինտերի» կիսապաշտպանը, որպես  ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան, անցած տարվա դեկտեմբերի 15-ին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Արցախում ստեղծված իրավիճակի վրա:

Times.am-ը շնորհավորում է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ծննդյան կապակցությամբ և ցանկանում գոլառատ հաջողություններ խաղադաշտում և անձնական կյանքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում