Հեռացատկորդ Վարդան Փահլևանյանը վաստակել է Լոնդոնի օլիմպիադայի ուղեգիր

Թբիլիսիում անցկացված Վրաստանի աթլետիկայի բաց առաջնությունում խաղարկված մրցանակների մի մասը հայաստանյան գրանցում ստացավ:

Ինչպես տեղեկացնում են Օլիմպիական կոմիտեի մամլո ծառայությունից, հայազգի 10 պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ երևանցի հեռացատկորդ Վարդան Փահլևանյանը: Նա ցույց տվեց 8 մ. 12 սմ . արդյունք , գրավեց առաջին տեղը և հռչակվեց Վրաստանի չեմպիոն: Բայց Վարդանի համար առավել կարևոր է այն , որ 2 սմ-ով գերազանցեց օլիմպիական վարկանիշային ցուցանիշը և արժանացավ Լոնդոնի խաղերին մասնակցելու պատվին: Վարդանը փաստորեն համալրեց մեր օլիմպիական մարզիկների շարքը, այն հասցնելով 22 –ի:

Վանաձորցի հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը 756 սմ-ով գրավեց երրորդ տեղը և իրավունք ստացավ մասնակցելու Իսպանիայում հուլիսին կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Երևանցի Դիանա Խուբեսերյանը առաջինը ճանաչվեց 100 մ. և 200 մ. վազքում: Անգերազանցելի էր նաև Սաթենիկ Հովհաննիսյանը: Նա հեռացատկեց 620 սմ.,  որը սպորտի վարպետի արդյունք է, և եռացատկեց 12 մ.69 սմ :

Պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց նաև վանաձորցի վազորդուհի Գայանե Բուլղադարյանը (800 մ. ` 2 . 14 , 95):

Երկրորդ մրցանակակիր դարձաներևանցի Սամվել Գրիգորյանը (400 մ. արգելավազք) և արցախցի Աշոտ Հայրապետյանը (3000 մ.խոչընդոտավազք): Արցախի երկրորդ պատվիրակ Արթուր Պետրոսյանը բրոնզե մեդալակիր դարձավ 800 մ. վազքում: Նման պատվի արժանացավ նաև արտաշատցի արգելավազորդ Ռոման Ալեքսանյանը (400 մ. ` 57 , 64):

Հավաքականը Թբիլիսի ուղեկցած վաստակավոր մարզիչ Զաուր Սարգսյանը դրական համարեց իր սաների մրցելույթները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում