Միջազգային ամփոփ լրահոս․ մարտի 6
Նմանատիպ
Times.am-ն ամենօրյա ռեժիմով հետևում է աշխարհում կատարվող կարևոր իրադարձություններին։ Թուրքիայում սպասվող համապետական ընտրություններում ո՞վ է լինելու Ռեջեփ Թաիփ Էրդողանի մրցակիցը, ինչու՞ է այրվել աշխարհի ամենամեծ փախստականների ճամբարը և ինչպի՞սին է իրադրությունը ռուս-ուկրաինական ռազմաճակատում։ Այս և այլ կարևոր նորությունները կարդացեք մեր ամփոփագրում։
Թուրքական ընդդիմությունը հայտնել է միասնական թեկնածուի անունը
Թուրքիայի ընդդիմադիր կոալիցիան մտադիր է մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններում միասնական թեկնածու հայտարարել Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։ Այդ մասին գրում է Hürriyet թերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր կոալիցիան հինգշաբթի մի քանի ժամ տևած քննարկում է անցկացրել՝ որոշելով մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների միասնական թեկնածուին։
Իսրայելը Ադրբեջանին գաղտնի վաճառել է միլիարդավոր դոլարների զենք
Իսրայելական Haaretz հրատարակությունը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ ավելի քան 90 թռիչք է իրականացվել Ադրբեջանի և Իսրայելի օդանավակայանի միջև, որը սովորաբար օգտագործվում է պայթուցիկ նյութերի արտահանման համար։
Ըստ Haaretz թերթի հետաքննության՝ անցած հինգշաբթի օրը մեկ այլ ուղևորություն է կատարվել բեռնատար ինքնաթիռով, որի ընթացքում ինքնաթիռը մի քանի ժամով կանգ է առել Էյլաթից հյուսիս գտնվող Իսրայելի Օվդա ռազմաօդային բազայում, որից հետո վերադարձել է Բաքու։
Լրատվամիջոցների հետաքննության արդյունքներով պարզվել է, որ վերջին յոթ տարիների ընթացքում Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվել է 92 չվերթ, որոնք իրականացրել է Silk Way Airlines-ը, որը ադրբեջանական մասնավոր բեռնափոխադրումների ավիաընկերություն է։
Նշվում է նաև, որ Իսրայելն Ադրբեջանին գաղտնի վաճառել է միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք, որն էլ ի պատասխան` նավթ է ուղարկել Իսրայել։
Խոշոր հրդեհ փախստականների աշխարհի ամենամեծ ճամբարում
Բանգլադեշի իշխանությունները հետաքննում են Ռոհինջա փախստականների ճամբարում բռնկված զանգվածային հրդեհի պատճառները, որն առանց ապաստանի է թողել 12 հազար մարդ:
Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Սակայն հրդեհը ոչնչացրել է 2000 ապաստարան՝ խոհանոցներում գազի բալոնների միջով արագ տարածվելու հետևանքով։
Ենթադրվում է, որ Բանգլադեշի հարավ-արևելքում գտնվող ճամբարը փախստականների ամենամեծ ճամբարն է աշխարհում: Նրա բնակիչների մեծ մասը՝ ռոհինջա փախստականները, հարկադիր տեղահանված անձինք են, ովքեր փախել են հարևան Մյանմարից:
Կիևում որոշում է ընդունվել շարունակել Բախմուտի պաշտպանությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի մասնակցությամբ Գերագույն հրամանատարի շտաբի նիստում որոշում է կայացվել շարունակել պաշտպանել Բախմուտը և ուժեղացնել դիրքերը այս քաղաքում։
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս որոշմանն աջակցել են անձամբ Զալուժնին և «Խորտիցա» զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբավորման հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Ավելի վաղ գերմանական մամուլը հայտնել էր, որ Բախմուտի հարցում Զելենսկին և Զալուժնին դիրքորոշումային տարաձայնություններ ունեն։ Ենթադրվում է, որ Զալուժնին պատրաստ է լքել գործնականում շրջապատված քաղաքը, իսկ Զելենսկին նրան կոչ է անում պահպանել պաշտպանությունը։ Արևմտյան ռազմական փորձագետների մեծամասնության կարծիքով՝ Բախմուտը պահելը կամ հանձնելը ռազմավարական նշանակություն չունի պատերազմի ընթացքի համար։
Թայվանը հայտարարել է Չինաստանի զինված ուժերի հարձակման բարձր ռիկսի մասին
«Չինաստանի զինված ուժերը կարող են «հանկարծակի» ներխուժել կղզի»,- հայտարարել է Թայվանի պաշտպանության նախարար Չիու Կուո Չենգը՝ հավելելով, որ այս լուրի ֆոնին Թայվանը պետք է շատ ավելի զգոն լինի:
«Ես հատուկ հայտարարում եմ այս մասին, քանի որ Չինաստանը նման սցենարի նախապատրաստություններ է տեսնում։ Նրանք ուժ կկիրառեն, եթե իսկապես հնարավորություն տեսնեն», – նշել է Թայվանի պաշտպանության նախարարը։
Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, նման ռիսկը պայմանավորված է նաև Թայվանի և ԱՄՆ-ի ռազմական համագործակցությամբ։ Ըստ Չիու Կուո Չենգի՝ սա զայրացնում է Չինաստանին։
«Թայվանը կօգտվի ինքնապաշտպանության և հակահարձակման իրավունքից, եթե Չինաստանի զինված ուժերը մտնեն Թայվանի տարածք»,- ընդգծել է նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում