Հայաստանն ամենաշատ արտահանումն իրականացրել է Ռուսաստան, ԱՄԷ ու Չինաստան

Հայաստանն ամենաշատ արտահանումն իրականացրել է Ռուսաստան, ԱՄԷ ու Չինաստան

Հայաստանը 2023 թվականի հունվարին արտահանել է 572 մլն 778.3 հազար դոլարի ապրանք, որը 2.3 անգամ ավել է նախորդ տարվա հունվարի համեմատ:

Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հայաստանը հունվարին ամենաշատ արտահանումն իրականացել է դեպի Ռուսաստան՝ 354 մլն 925.1 հազար դոլարի, ինչը նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել է 5.2 անգամ: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է. հունվարին արտահանվել է 46 մլն 563 հազար դոլարի ապրանք, նախորդ տարվա հունվարի նկատմամբ այն աճել է 14.1 անգամ: Այնուհետև ամենաշատ արտահանումն իրականացվել է Չինաստան՝ 40 մլն 458.4 հազար դոլարի՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 12 տոկոսով:

Հայաստանից մեծ ծավալով արտահանում է իրականացվել նաև դեպի Նիդերլանդներ՝ 30 մլն 175 հազար դոլարի, 2022-ի հունվարի նկատմամբ ցուցնիշն աճել է 29.5 տոկոսով: 25.5 տոկոսով աճել է նաև Իրաք արտահանումը՝ կազմելով 19 մլն 563.5 հազար դոլար:

Հարևան Վրաստան արտահանումը 2023 թվականի հունվարին նվազել է 11.5 տոկոսով՝ կազմելով 6 մլն 591.9 հազար դոլար:

Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը հունվարին կազմել է 371 մլն 305.9 հազար դոլար՝ 2022-ի հունվարի նկատմամբ աճելով 5.2 անգամ: Իսկ ԵՄ երկրներ հունվարին արտահանվել է 54 մլն 081.4 հազար դոլարի արտադրանք՝ նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազելով 4.3 տոկոսով:

Հայաստանից արտահանման ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունեն վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները՝ 190 մլն 805 հազար դոլարի, այն նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել է 97.1 անգամ: Թեև արտահանման ծավալներում երկրորդ ամենամեծ մասնաբաժինն ունի հանքահումքային արտադրանքը՝ 72 մլն 646.8 հազար դոլարի, սակայն ցուցանիշը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 15.7 տոկոսով: Արտահանման ծավալներով երրորդը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը. հունվարին արտահանվել է 64 մլն 867.4 հազար դոլարի, աճը 2022-ի հունվարի նկատմամբ 99.3 տոկոս է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում