Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 9

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 9

Ռուսաստանը զանգվածաբար հրթիռակոծել է Ուկրաինայի բնակավայրերը, Վրաստանում բողոքի ցույցերի պատճառով իշխող կուսակցությունը հետ է կանչել աղմկահարույց օրինագիծը խորհրդարանից, Գերմանիան ավելացնում է բանակի թվակազմը, իսկ Հարավային Կովկասում ԵՄ-ի ներկայացուցիչը խաղաղության կոչ է արել։ 

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա ամենակարևոր միջազգային անցուդարձը։ 

Ռուսաստանը զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինայի տարածքը

Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային։ Պայթյուններ են եղել Կիևում, Խարկովում, ինչպես նաև տարբեր մարզերում, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկում, Օդեսայում, Լվովում։ Սա մեկ ամսվա ընթացքում ռուսական ուժերի առաջին զանգվածային հարձակումն է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «զանգվածային վրեժխնդրության հարվածը» հասցվել է՝ ի պատասխան մարտի 2-ին Կիևի կողմից «Բրյանսկի մարզում կազմակերպված ահաբեկչական գործողության»:

«Օդային, ծովային և ցամաքային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներով, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային հրթիռային համակարգով հարվածներ են հասցվել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի առանցքային տարրերին, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև դրանք մատակարարող էներգետիկայի օբյեկտներին», – ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ հավելելով, որ խոցվել են թիրախավորված բոլոր օբյեկտները:

Վրաստանի իշխող կուսակցությունը խորհրդարանից հետ է կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը

Բողոքի զանգվածային ակցիաներից հետո Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը: Օրինագիծը հետ կանչելու մասին համատեղ հայտարարություն են տարածել իշխող թիմը՝ խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաև օրինագծի նախաձեռնող «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժումը։

Այդուհանդերձ, ընդդիմության ներկայացուցիչները մտադիր են շարունակել հանրահավաքները Թբիլիսիում՝ չնայած օրինագիծը հետ կանչելու մասին իշխող կուսակցության հայտարարությանը։

«Այսօր անպայման ակցիա տեղի կունենա, որովհետև կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք չեն վստահում «Վրացական երազանքին»: Միայն մենք ենք այն բանի երաշխավորը, որ երկիրը դառնա Արևմուտքի մի մասը: Մեզ հստակ պարզաբանում է անհրաժեշտ, թե նրանք ինչպես են ծրագրում հետ կանչել օրինագիծը», – ասել է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ցոտնե Կոբերիձեն՝ հավելելով, որ իրենք նաև իշխանություններից պահանջում են ազատ արձակել հանրահավաքները ցրելու ժամանակ ձերբակալվածներին։

Գերմանիան ավելացնում է իր բանակի թվակազմը 

Ուկրաինայի դեմ ՌԴ-ի լայնամասշտաբ պատերազմի ֆոնին Գերմանիայում ավելացել է նոր զինծառայողների թիվը։ 2022 թ.-ին Բունդեսվերում ծառայության է անցել 18 775 մարդ, ինչը 12 %-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:

Նշվում է, որ այսօր նման տվյալներ է հրապարակել Գերմանիայի պաշտպանության նախարարությունն՝ ի պատասխան dpa գործակալության հարցման: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ համավարակից առաջ նորակոչիկների թիվն է՛լ ավելի մեծ էր. 2019 թ.-ին Բունդեսվեր է ընդունվել 20 170 մարդ։

Անցյալ տարի Գերմանիայի զինված ուժեր ընդունվածներից 9171-ը եղել Է պայմանագրային զինծառայող, 8623-ն անցել է կամավոր զինվորական ծառայության (7-ից մինչև 23 ամիս տևողությամբ), իսկ 981-ը՝ պահեստազորի պատրաստման ծրագրով։

Զորակոչիկների 17 %-ը կազմել են կանայք (համավարակից առաջ՝ 15 %-ը): Անչափահասների բաժինը 2019 թ.-ի 8,5 %-ից աճել է մինչև 9,4 %: ՊՆ-ում ընդգծել են, որ մինչև 18 տարեկան անձինք չեն կարող իրականացնել այնպիսի ծառայություն, «որը կարող է հանգեցնել զենքի ինքնուրույն օգտագործման անհրաժեշտության»։

Տոյվո Կլաարը տարածաշրջանում խաղաղության կոչ է հնչեցրել 

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ բռնությանն արդարացում չկա և որ բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով:

«Մեծապես անհանգստացած եմ վերջին մահացու բախումներով և կրակոցների մասին նոր հաղորդումներով: Բռնությանն արդարացում չկա, բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով: Տարածաշրջանը բավականաչափ տուժել է մարտերից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու տևական, արդար խաղաղության համար», – գրել է Կլաարը, որն օրերս այցելել է Ադրբեջան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում