Կառուցողական դիրքորոշում, թե՞ ազգակցական կապ

Երեկ առավոտյան մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ հաղթական տոնով ազդարարեցին, թե «ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանից երաշխիքներ է պահանջել»: Նյութի տոնայնությունը կոչված էր ընթերցողներին հուշելու, իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 5-րդ գումարման Ազգային Ժողովի աշխատանքների հենց առաջին օրվանից գործելու է խիստ ընդդիմադիր դիրքորոշմամբ: Սակայն ընդամենը մեկ ժամ անց պարզ դարձավ, որ ԲՀԿի ֆրակցիան ոչ միայն չի փորձել մրցակցել Հանրապետական կուսակցության հետ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու հարցում, այլև քվեարկել է Հովիկ Աբրահամյանի օգտին:

Իհարկե ակնհայտ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետաքրքրված էր ԱԺ խոսնակի պաշտոնում իր խնամի Հովիկ Աբրահամյանին տեսնելու հարցում: Քաղաքական շրջանակներում ասում են, որ այդ նպատակին հասնելու համար Ծառուկյանը երկար է պայքարել: Սակայն անպատասխան է մնում այն հարցը, թե Աբրահամյանի հետ ազգակցական կապը, թե՞ քաղաքական շահն է եղել ԲՀԿի ֆրակցիայի՝ նման ձևով քվեարկելու շարժառիթը: Չէ՞ որ իշխանական կոալիցիայից հրաժարվելու մասին հայտարարության մեջ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ իր կուսակցությունը լինելու է խիստ կառուցողական: Բոլոր դեպքերում այսօր կարող ենք փաստել, որ ՀՀԿԲՀԿ հարաբերությունները երեկ ավելի շատ համագործակցության, քան մրցակցության էին նման: Ի հեճուկս ԲՀԿին ընդդիմադիր դաշտ տանող որոշ լրատվամիջոցների խմբագրերի տիտանյան ջանքերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում