Միջազգային լրահոս․ Մարտի 21

Միջազգային լրահոս․ Մարտի 21

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա միջազգային կարևոր իրադարձությունների ամփոփագիրը։

Իրավիճակն Ուկրաինայում 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է 8 հազար 317 խաղաղ բնակիչ, մոտ 14 հազարը վիրավորվել են: Հաղորդագրությունում նշված է, որ իրական թվերը շատ ավելին են, քանի որ որոշ տեղերից, որտեղ ինտենսիվ մարտեր են, տեղեկություններ դեռ չեն ստացվել, կամ դրանք չեն հաստատվել։

Միևնույն ժամանակ երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ են լսվել, այդ թվում, տեղական Տելեգրամ ալիքների տվյալներով, ռազմական օդանավակայանի տարածքում: Ըստ Ջանկոյի ռուսական իշխանությունների ներկայացուցիչների՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են մի քանի քաղաքացիական օբյեկտներ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ Ջանկոյում ոչնչացվել են ռուսական «Կալիբր» թևավոր հրթիռներ՝ երկաթուղով փոխադրելու ժամանակ։ Այդ տեղեկատվությունը հերքել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։

Ռուս-Ուկրաինական պատերազմ

Իսկ այս աշնանը Պենտագոնը նախատեսում է սկսել Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինային։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ Ուկրաինայում պատերազմական գործողությունների մոտալուտ ավարտի սպասել պետք չէ։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ավելի վաղ MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է, որպեսզի արագացնի Abrams-ների մատակարարումն Ուկրաինային։

Իսկ այսօր Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ճապոնիայի կառավարության ղեկավարները չափազանց հազվադեպ են չհայտարարված այցեր կատարում։ Ճապոնիայի վարչապետը և Ուկրաինայի նախագահը կքննարկեն Տոկիոյի աջակցությունը Ուկրաինայի վերակառուցմանը:

Սա Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին այցն է Ուկրաինա 2022 թ.-ի փետրվարից ի վեր։ Բացի այդ, Կիսիդան Մեծ յոթնյակի միակ երկրի ղեկավարն էր, որ դեռ չէր այցելել Ուկրաինա Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից ի վեր:

Թուրքիա․ Երկրաշարժ և ընտրություններ 

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Հանրապետական դաշինքի» կողմից  պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի միասնական թեկնածու։ Իշխող կուսակցության ընտրական վարչության ղեկավար Ալի Իհսան Յավուզը և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Ֆեթի Յըլդըզը դիմում են ներկայացրել Բարձրագույն ընտրական խորհրդին։

Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահի հավանական թեկնածուների դիմումները կընդունվեն մինչև մարտի 23-ը։ Թեկնածուները, որոնց կուսակցությունները ներկայացված չեն գործող խորհրդարանում, պետք է մարտի 22-ից 27-ը հավաքեն 100 000 ստորագրություն ընտրողներից:

Միևնույն ժամանակ Թուրքիայի և Սիրիայի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գումարված միջազգային դոնորական խորհրդաժողովի բացման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նշել է. «Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրոյի չափով աջակցություն կցուցաբերի Թուրքիային»:Նա շեշտել է նաև փլուզված շինությունների վերակառուցման անհրաժեշտությունը բարձր սեյսմիկ ստանդարդներին համապատասխան:

Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը շարունակվում է 

ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռուսաստանը օգնություն է խնդրել Չինաստանից։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում ցույց է տալիս, որ գնալով Պեկինի ու Մոսկվայի հարաբերությունները գնում են դեպի մերձեցում։

Ինչպես պարզաբանել է Ստոլտենբերգը, Հյուսիսատլանտյան դաշինքը ապացույցներ չունի, որ Պեկինը Մոսկվային մահաբեր զենք է մատակարարել։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է. «Չինաստանը չպետք է մահացու զենքեր մատակարարելով օգնություն ցուցաբերի Ռուսաստանին, դա կնշանակի աջակցել անօրինական պատերազմին»։

Իսկ մինչ այդ այսօր Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի պաշտոնական հանդիպման արարողությունը։ Նվագախումբը կատարել է Ռուսաստանի և Չինաստանի պետական ​​օրհներգերը։ Դահլիճում նաև ներկա են գտնվել երկու երկրների պատվիրակությունների անդամները։ Առաջնորդներն անցել են Սուրբ Եկատերինայի սրահ՝ նեղ կազմով բանակցությունների։

Լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ 2023թ-ին հնարավոր է կայանա Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում