Արցախում բացահայտվել է պետական դավաճանության 2 դեպք

Արցախում բացահայտվել է պետական դավաճանության 2 դեպք

Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչ սոցիալական ցանցերի միջոցով Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին փոխանցել են հույժ գաղտնի տեղեկություններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն։

«Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչ սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատել Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, շահեկան առաջարկության և պարբերաբար վարձատրության դիմաց նրանց փոխանցել գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ, ինչպես նաև Արցախի քաղաքացիների անվտանգության, տնտեսության ընդհանուր վիճակի, շրջափակման պայմաններում սոցիալական ծրագրերի, կառավարության կազմում տեղի ունեցող փոփոխությունների, նախագահի հրամանագրերի, Արցախի Հանրապետության բնակչությանը վերաբերող այլ տեղեկություններ՝ կատարելով պետական դավաճանություն:

Նշված երկու անձինք հետաքննության մարմնի կողմից ձերբակալվել են, իսկ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ քննիչի կողմից նրանց մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի քննչական կոմիտեն հորդորում և զգուշացնում է, հատկապես համացանցի տիրույթում ցուցաբերել ծայրահեղ զգոնություն և զգուշություն, չտրվել գայթակղիչ առաջարկություններին և նույնիսկ առաջին հայացքից աննշան տեղեկություններ չհայտնել այլ օգտատերերի։

«Հիշեք, որ հատուցումն անխուսափելի է, իսկ պետության հիմքերը խարխլող յուրաքանչյուր արարքի համար բացի սեփական խղճի և մեր հազարավոր նահատակների հիշատակի առաջ մեղանչելուց, դուք խստագույնս պատասխանատվություն եք կրելու նաև օրենսդրությամբ սահմանված կարգով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում