Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 753 մլն դրամ կամ 1.9 մլն դոլար:
Այս մասին ասվում է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույց»-ում, որը պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավոր տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության և նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի պատվերով:
Երևանում զեկույցի ներկայացմանը տեսակապով միացել էին նաև Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը ևս ընդգրկված է եղել մասնագիտական թիմում: «Արդեն 108 օր է,ինչ Արցախը շրջափակման մեջ է: Դա իսկապես Արցախի տնտեսության բոլոր ոլորտների վրա ազդեցություն է ունեցել: Շատ դժվար կլինի վերականգնել Արցախի տնտեսությունն ապագայում»,-ասաց Գրիգորի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ զեկույցը ներկայացնելու են միջազգային կառույցներին:
Տնտեսագետների թիմը գնահատումները կատարել է 4 մոտեցումներով՝ կիրառելով տարբեր գործիքակազմեր:
Ըստ զեկույցի՝ շրջափակման հետևանքով Արցախի ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական նվազագույնը 651 մլն դրամ կամ 1.6 մլն դոլար: «1.6 մլն դոլարը առանց բարեկեցության կորստի, զուտ միայն սոցիալ-տնտեսական կորուստների գնահատականն է՝ մեկ օրվա համար, որի մեջ մտնում է հարկերի կորուստը՝ շուրջ 81 մլն դրամի չափով և առաջնային սոցիալական ծախսերը՝ 36.3 մլն դրամով: Օրական կորուստը 1.65 մլն դոլար ենք ստանում, եթե հաշի առնված չէ բարեկեցության կորստի մասը, եթե բարեկեցությունն էլ հաշվի ենք առնում, ապա ստացվում է 1.9 մլն դոլար յուրաքանչյուր օր՝ առանց գնահատելու պոտենցիալի կորուստը, բուֆերների համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորման մեծությունը»,-ասաց Արամյանը: