Լևոն Շանթ․ Ռուսաստանին մերժած և Թուրքիայի առաջ չծնկած պատգամավորը

Լևոն Շանթ․ Ռուսաստանին մերժած և Թուրքիայի առաջ չծնկած պատգամավորը

Լևոն Նահաշպետյան կամ Լևոն Սեղբոսյան. հավանաբար այնքան էլ ծանոթ չէ: Բայց նա Առաջին հանրապետության ամենահայտնի պատգամավորներից ու հասարակական-քաղաքական գործիչներից էր: Հենց նա է 1919-ի դեկտեմբերի 26-ին ստորագրել՝ հայերենը պետական լեզու ճանաչելու մասին օրենքը: Հենց նրա գլխավորությամբ է Հայաստանը վարել բանակցություններ Ռուսաստանի հետ՝ անկախության ճանաչման հարցով: Սակայն Ռուսաստանը համաձայնեց ստորագրել պայմանագիր մի պայմանով, որ Հայաստանը տարածքային զիջումների գնար Թուրքիայի և Ադրբեջանի հետ և Ռուսաստանին ճանապարհ տար քեմալական կայսրության հետ կապ ունենալու համար: Բնականաբար ազգային գիտակցում, հայրենատիրություն ու սերունդների առաջ պատասխանատվության զգացում ունեցող ազգային իշխանությունն այդպիսի զիջումների գնալ չէր կարող: Ուստի Ռուսաստանի պայմանը մերժվում է, ու բանակցություններն ավարտվում են:

Բանակցությունների շրջանակում Ռուսաստանի պայմանները մերժողը Հայկական պատվիրակության ղեկավարը Հայաստանի խորհրդի խորհրդարանի փոխնախագահ, պատգամավոր Լևոն Նահաշպետյան-Սեղբոսյանն էր: Նրան մենք առավել լավ գիտենք՝ որպես Լևոն Շանթ:

Սկզբում նա գրում էր սիրավեպեր, բայց առավել հայտնի է իր դրամատուրգիայով: Նա բացառիկ ձիրք ուներ հոգեբանական դրամաներ գրելու:

«Ինչպես իր բոլոր երկերը, անկախ նրանց բովանդակությունից ու խորությունից, գրված են միշտ խնամքով ու ճաշակով, և ոճի մեջ ոչ մի պոռոտ բան, – այդպես էլ ինքը` հագնվում էր խնամքով, ճաշակով: Բայց անձը ցուցադրելու ոչ մի նշան. միշտ պարկեշտ և միշտ զվարթ: Անգամ այն ժամանակ – 13 և 14 թվականներին, երբ «Հին աստվածները» դղրդում էր մեր քաղաքներում և արվեստի տոն էր տոնումհեղինակ Շանթը չէր երևում մեջտեղ» –  Ստեփան Զորյան

«Հազարամյակ մը մեզմե առաջ» ժամանակներին վերագրվող պատմությունը «Հին աստվածներ»-ը Շանթի ամենահայտնի գործն է: Հրատարակումից հետո այս դրաման բազմիցս բեմադրվել ու մինչ օրս մնում է Հայաստանի ու Վրաստանի թատրոններում:

«Աշխարհիս երեսին, եթէ տեսնել կուզես, ինչ որ սրտիդ ուզածն է՝ պէտք է նայիս փակ աչքերով…»

Լևոն Շանթի դրամատուրգիան փայլում էր բեմերում դեռ նրա կենդանության օրոք: Քիչ դրամատուրգների է հաջողվում սեփական փառքը վայելել: Սակայն Շանթն իր պիեսների բեմադրություններին չէր այցելում: Բայց Շանթի փառքի աստղը փայլում էր Պոլսում Թիֆլիսում, Բաքվում…նաև տարածաշրջանից դուրս:

Շանթը «Վերնատան» ակնառու գործիչներից էր, ակնառու իր տաղանդով ու…համեստությամբ: Գուցե նա թերագնահատված մտավորական ու գործիչ է մեր հասարակության շրջանում, գուցե շատերը նրա մասին քիչ բան գիտեն, բայց նրա չափ ազգային գիտակցություն ունեցող քաղաքական-հասարակական գործիչներ ու մտավորականներ այսօր քիչ ունենք: Իսկ եթե այդպիսի օրինակներ մեր օրերում մեր աչքի առաջ չունենք, ապա գոնե պետք է կարդանք եղածներին, փորձենք ժամանակին, մեր հայրենիքի առջև եղած մարտահրավերներին նայել առավել համարձակ, պատասխանատու ու հայրենիքի տիրոջ աչքերով:

Պետք չէ հույսը դնել ուրիշների, մեծ տերությունների վրա, որովհետև «ազատությունը չեն տար, ազատությունը կը խլվի»: Ազատության, խաղաղության համար ինքդ պետք է պայքարես, պետք է մի անգամ բռունցք ցույց տաս, թող ցավի, թող արնահոսի, բայց բառերով հայրենիք չեն պահում, բառերով չեն ապրում, այդպես պարզապես նստում ու սպասում են մեռնելու հերթին: Ապրել ուզում են բոլորը, բայց արժանավայել կյանքի իրավունքը վաստակում են մահից չվախեցող ազգերը միայն:

 «Մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրավունք ունի ապրելու…»

Վստահ եմ՝ Շանթի որոշ գործեր շատերս կարդացել ենք, բայց վերջում կցանկանամ նրա աշխատություննից ոչ այնքան հայտնի, բայց մեր պետության այս շրջափուլի համար շատ կարևոր մեսիջներով մեկ այլ գործ անպայման կարդանք: Շանթի «Մեր անկախությունը» գրվել էր 1922-1923-ին և տպագրվել 1925-ին Բոստոնում: Աշխատությունը բաղկացած է յոթ գլխից, բայց ընդամենը 200 էջ է:

Այսօր Լևոն Շանթի ծննդյան օրն է: Նրա մասին այս շարադրանքը ցանկանում եմ ավարտել հենց «Մեր անկախությունը» աշխատության մի հատվածով.

«Ժողովուրդները իրենց անկախութեանը ձգտելուն համար չէ, որ կը մեռնին: Շատ ավելի ճիշդ է հակառակը` կը մեռնին ապրելու կամքն ու վճռականութիւնը չունենալուն համար: Եթէ իր անկախութեան համար մաքառիլը մահ բերէր` հայութիւնը արդէն տասնեակ անգամներ պէտք է մեռած ըլլարպիտի մաքառինք, հարկ եղաւ զէնքով, ուրիշ անգամ պասսիւ դիամդրութեամբ եւ պատմութեան վայրկեանի ընձեռած բոլոր միջոցներով…»։

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում