«Զանգեզուրի միջանցքին» այլընտրանքային առաջարկ Քըլըչդարօղլուից

«Զանգեզուրի միջանցքին» այլընտրանքային առաջարկ Քըլըչդարօղլուից

Առաջիկայում նախատեսվող Թուրքիայի խորհրդարանային և նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 6-ի երեկոյան մի քարտեզ է հրապարակել, որով առաջարկել է շրջանցել «Զանգեզուրի միջանցքը» և թյուրքական աշխարհը միավորելու համար այլընտրաքային ուղի ընտրել։ Այդ քարտեզում Ադրբեջանն ընդհանրապես տեղ չի գտել։

Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Քըլըչդարօղլուն քարտեզը ներկայացնելիս շեշտել է, որ այն «իր կյանքի ամենամեծ նախագիծն է», և այն կոչել է «Թյուրքական ճանապարհի պրոյեկտ»։

Քըլըչդարօղլուի այս առաջարկը վրդովմունք է հարուցել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների և այլ քաղաքական գործիչների շրջանում։ Մասնավորապես, Ադրբեջանի պատգամավոր և «Արևմտյան Ադրբեջանի հավաքականության» փոխնախագահ Հիքմեթ Բաբաօղլուն, անդրադառնալով Քըլըչդարօղլուի առաջարկին, շեշտել է․

«Իրանի վրայից դեպի Չինաստան դուրս եկող ուղին ոչ թե կմիավորի թյուրքական աշխարհը, այլ՝ հակառակը՝ կմասնատի։ Քանզի մեզ՝ թյուրքերիս, միավորող միակ ճանապարհը այն գիծն է, որն անցնելով Զանգեզուրի միջով՝ ձգվելու է մինչև եղբայրական հանրապետություններ։ Նրա այդ նախագծից կշահեն Ռուսաստանը, Իրանը և ամենաշատը՝ Հայաստանը, իսկ թյուրքերը՝ կկորցնեն։ Քըլըչդարօղլուի քարտեզը թյուրքերին ոչ թե միավորելու, այլ մասնատելու դրսևորում է։ Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդը Ադրբեջանին պատժելիս խոշոր շահում է ապահովում հայերի համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում