Հայաստանը ՌԴ-ից չի ստացել անհրաժեշտ սպառազինությունը, ինչի համար վճարել է․ ԱԳՆ տեղակալ

Հայաստանը ՌԴ-ից չի ստացել անհրաժեշտ սպառազինությունը, ինչի համար վճարել է․ ԱԳՆ տեղակալ

ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումների կոնկրետ ժամկետը չեմ կարող նշել, ըստ երևույթին դա Անվտանգության խորհրդում է քննարկվել, կարծում եմ՝ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ մեկնաբանելով այն հայտարարությունները, համաձայն որոնց՝ Հայաստանի իշխանության ներսում եղել են ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ։

«Որոշում է ընդունվել չանել այդ քայլը ու շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ-ի գագաթաժողովի ընթացքում։ Շուտով հայտարարություն կլինի Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված։ Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը չկա օրակարգում։ Իրավիճակը բարդ է, մենք, լինելով ՀԱԿՊ-ի անդամ երկիր և ունենալով պարտավորություններ, շարունակում ենք հույս ունենալ, որ մեր աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների, դեռևս կա այդ հույսը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի իրավիճակի քաղաքական գնահատական, ինչ-որ պահի այդ քննարկումները կարող են նորից վերսկսել»,- ասել է նա։

Մնացական Սաֆարյանը հաստատել է, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինությունը, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ։

«Աշխատանքները ընթանում են, սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները, ավելացնելու որևէ բան չկա»,- ասել է փոխնախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում