ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Մոսկվայում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Մոսկվայում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Մայիսի 19-ին Մոսկվայում կկայանան առանձին հայ-ադրբեջանական բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի շուրջ: Երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հաշվի առնելով տարածաշրջանում դինամիկ իրավիճակը:

Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ նրա՝ տեղի կունենա ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացի առարկայական քննարկում. խոսքը ճանապարհների և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահամանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին է:

Զախարովան հավելել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին կհանդիպի իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր:

«Ակնկալում ենք, որ սպասվող շփումները կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վիճելի հարցերի կարգավորմանը, փոխընդունելի  լուծումների որոնմանը և, ընդհանուր առմամբ, կողմերի միջև վստահության մակարդակի բարձրացանը, Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը», – ասել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում