Համաշխարհային արվեստի 10 գլուխգործոց Լեոնարդո դա Վինչիից

Համաշխարհային արվեստի 10 գլուխգործոց Լեոնարդո դա Վինչիից

Լեոնարդո դա Վինչին Վերածննդի դարաշրջանի մեծ նկարիչներից մեկն է, ով անընդհատ գտնվում էր փնտրտուքների շղթայում. նկարչությունից մինչև անատոմիա, գծագրությունից մինչև քանդակագործություն: Նրա աշխատանքները մինչև օրս համարվում են արվեստի ներկայացման, արտահայտման չափանիշ: Ահա և ներկայացնում ենք այդ չափանիշներից, ավելի ճիշտ՝ գլուխգործոցներից մի քանիսը, որոնք դարերի միջով պահպանվել ու հասել են ժամանակակից մարդկությանը:

1.«Մոնա Լիզա»

Մոնա Լիզայի դիմանկարը կամ նույն ինքը Ջոկոնդան աշխարհում ամենահայտնի արվեստի գործերից մեկն է: Այն այժմ պահվում է Լուվրի թանգարանում: Ենթադրվում է, որ նկարի կերպարը ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Հերարդինիի դիմանկարն է: Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Իսկ նրա ետևի բնապատկերը էլ ավելի խորհրդավորություն է հաղորդում ամբողջ նկարին. այն կարծես թե երևակայության արդյունք է, ոչ թե իրական վայր։ Լեոնարդոյի տաղանդն ամբողջությամբ արտահայտված է այս նկարում:

2․«Վերջին ընթրիքը»

Աշխարհի ամենահայտնի նկարներից մեկն է, որը Լեոնարդոյին պատվիրել է Միլանի հերցոգ Լյուդովիկո Սֆորզան: Այն նկարված է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիեյի վանքի սեղանատան պատին։ Նկարը պատկերում է Հիսուսի և աշակերտների վերջին ընթրիքը միասին՝ Հիսուսի խաչելությունից առաջ։

3.«Վիտրուվյան մարդ»

Վերջինս հա՛մ արվսետի գործ է, հա՛մ գիտական աշխատանք: Նկարված է թանաքով: Նկարն ուղեկցվում է հայելային տառերով գրված գրություններով, որոնք մարդկային համամասնությունների վերաբերյալ են: Այս գրությունները գրվել են հռոմեացի ճարտարապետ Վիտրուվուսի կողմից՝ դեռևս մ.թ.ա. 1-ին դարում՝ ճարտարապետության մասին իր գրքում: Նկարում պատկերված են մերկ տղամարդու երկու կերպարներ՝ ձեռքերով և ոտքերով ներառված քառակուսու մեջ։ Նկարը հաճախ մեկնաբանվել է որպես կանոնավոր համաչափությունների բացահայտման օրինակ։

4․«Ինքնադիմանկար»

Երկար ալիքավոր մազերով և մորուքով ծերունու նկարը երկար ժամանակ համարվել է Լեոնարդո Դա Վինչիի ինքնանկարը: Այնուամենայնիվ, որոշ գիտնականներ պնդում են, որ այդ կազմվածքը, դիմագծերը, հոնքերն ու ցած ընկած աչքերը տարիքային առումով շատ ավելի մեծ են թվում, քան կարող էր լինել հենց ինքը՝ Լեոնարդոն: Նկարում կերպարը հարուստ է տարիքային ազնվականությամբ և իմաստնությամբ: Լեոնարդոն մահացել է 67 տարեկան հասակում:

5․«Մադոննան ժայռերում»

Լեոնարդո դա Վինչիի՝ կառուցվածքով գրեթե չտարբերվող երկու նկարների անվանումը, որոնցից մեկը ցուցադրված է Լուվրում, իսկ մյուսը՝ Լոնդոնի ազգային պատկերասրահում։ Լուվրում պահպանվող տարբերակը 8 սմ-ով բարձր է լոնդոնյան տարբերակից։ Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ ի սկզբանե Լեոնարդոն ծրագրել է նկարել նորածին Հիսուսի երկրպագությունը։ Ռենտգենյան և ինֆրակարմիր հետազոտությունները բացահայտել են նաև նկարի վրա եղած այլ շտկումներ ևս։ Նկարում պատկերված է ծնկաչոք Աստվածամայրը, աջ կողմում պատկերված է նորածին Հիսուսը:

6.«Կնոջ գլուխը»

Նկարում պատկերված է երիտասարդ կին՝ գլուխը թեքված, իսկ աչքերը՝ դեպի ցած: Նրա կեցվածքը հիշեցնում է Մարիամ Աստվածածնին՝ Լեոնարդոյի «Մադոննան ժայռերում» աշխատանքում, ենթադրվելով, որ նկարը կարող էր ծառայել որպես նախատիպային:

7․«Կզաքիսով տիկինը»

Շատ հետազոտողների կարծիքով այն Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորզայի սիրուհու` Չեչիլիա Գալերանիի դիմանկարն է: Նկարում բացահայտվում է Լեոնարդոյի գիտելիքները անատոմիայի վերաբերյալ՝ կնոջ կեցվածքը արտահայտելու մեջ:

8․«Սալվատոր մունդի»

Պատկերված է Քրիստոսը՝ որպես աշխարհի փրկիչ։ 2017 թվականի նոյեմբերին կտավը վաճառվել է ռեկորդային 450,3 միլիոն ԱՄՆ դոլարով՝ դառնալով պատմության ամենաթանկ վաճառված կտավը: Ուսումնասիրողներն այս գինը համարում են «կասկածելի», քանի որ նկարն ունի ոչ հայտնի պատմություն և բազմիցս կեղծվել է: Նրանք նշում են նաև, որ Հիսուսը «թույլ» է ներկայացված այս կտավում և այդքան էլ բնորոշ չէ Վերածննդի դարաշրջանին: Այլ ուսումնասիրողներ էլ պնդում են, որ կտավում Հիսուսի մազերն ու աջ ձեռքի մոդելավորումն ամբողջությամբ պատկանում են Լեոնարդոյի տեխնիկային: Ի վերջո նկարը վերագրվել է Լեոնարդոյին, իսկ նկարի գինը խոսում է այն մասին, որ իր մահվանից անգամ հինգ դար անց Լեոնարդոն արվեստի պատմության մեջ ունի անհավատալի հզոր դիրք:

9․«Ջինևրա դե Բենչի»

Լեոնարդոյի միակ կտավը, որ այժմ գտնվում է մոլորակի արևմտյան կիսագնդում: Այն Լեոնարդոյի ամենավաղ աշխատանքներից մեկն է, որը նա նկարել է, երբ դեռ 20 տարեկան էր: Հակառակ այդ ժամանակվա դիմանկարի ժանրի սովորույթի, աղջիկը առանց զարդերի է, չհաշված կրծքին կախ փոքր մարգարիտը։ Ի դեպ, ինչպես Մոնա Լիզայի պարագայում, այստեղ ևս Լեոնարդոն կնոջը նկարել է երեք քառորդ անկյան տակ՝ այն դարձնելով դիմանկարների չափանիշ: Նա նաև առաջին իտալացի նկարիչն է, որ այսպիսի կոմպոզիցիա է օգտագործել:

10.«Սուրբ Աննան՝ Մադոննայի և նորածին Հիսուսի հետ»

Շատ ուսումնասիրողներ կարծում են, որ այս աշխատանքը Լեոնարդոյի վերջին կտավն է, որտեղ նա պատկերել է  մանուկ Հիսուսին, Մարիամ Աստվածածնին և սուրբ Աննային: Կտավը համարվում է Լեոնարդոյի գլուխգործոցներից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում