Ուշադրության կենտրոնում․ աշխարհն անհանգստացած է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզմամբ

Ուշադրության կենտրոնում․ աշխարհն անհանգստացած է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզմամբ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 6-ի գիշերը պայթեցվել է Ուկրաինայի Խերսոնի շրջանում գտնվող Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը։

Հիդրոէլեկտրակայանը որը գտնվում է ուկրաինական Խերսոնի շրջանում, ամբողջությամբ ավերվել է և վերականգնման ենթակա չէ։ Դրա հետևանքով միլիոնավոր խորհանարդ մետր ծավալի ջուրը Կախովկայի ջրամբարից անարգել լցվում է Դնեպր գետը։ 80 բնակավայր հայտնվել է ջրի տակ անցնելու վտանգի առաջ։

ՀԷԿ-ը տեղակայված է ռուսական և ուկրաինական զինված ուժերի շփման սահմանային գոտում և դարձել է ռազմական հարվածի զոհ․ ո՛չ պաշտոնական Կիևը, ո՛չ էլ Մոսկվան չեն ընդունում սեփական մեղավորությունը կատարվածի հարցում և մեղադրում են մեկմեկու ամբարտակը միտումնավոր թիրախավորելու և ոչնչացնելու մեջ։

Բնապահպանների գնահատմամբ՝ Կախովսկայա ջրամբարի ջրի արտահոսքը կշարունակի դեռևս 4 օր։ Ուկրաինական իշխանությունները հրատապ էվակուացնում են Դնեպր գետի աջ ափին գտնվող տասնյակ բնակավայրեր, նշվում է ավելի քան 16 հազար մարդու տարհանման անհրաժեշտության մասին։

Ամբարտակի փլուզումը սպառնում է ոչ միայն բնակավայրերին․ այն կարող է բնապահպանական աղետի հանգեցնել նաև շրջակա միջավայրի ոչնչացման տեսանկյունից։

«Սա էկոցիդ է։ Ռուսները պատասխանատվություն են կրելու Խերսոնի հարավում և Ղրիմում մարդկանց խմելու ջրից հնարավոր զրկելու, բնակավայրերի մի մասի և կենսոլորտի հավանական ոչնչացման համար»,-գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Ցնցված եմ «Նովա Կախովկա» ամբարտակի վրա աննախադեպ հարձակումից: Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումն ակնհայտորեն որակվում է որպես ռազմական հանցագործություն, և մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին և նրա պրոքսիներին», – թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Այստեղ արդեն միանշանակ կարող ենք փաստել, որ խոսքն ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիայի մասին է… Բացի այդ, պարզ է, որ այդ դիվերսիայի նպատակներից մեկը Ղրիմը ջրից զրկելն է։ Ջրամբարում ջրի մակարդակը նվազում է, և, համապատասխանաբար, ջրանցքի մատակարարումը կտրուկ նվազում է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում