Կանադայում մոլեգնում են անտառային հրդեհները

Կանադայում մոլեգնում են անտառային հրդեհները

Կանադայում բռնկված անտառային հրդեհների պատճառով ձևավորված ծխի ամպը այս շաբաթվա սկզբում ծածկել էր Նյու-Յորքը, իսկ հինգշաբթի՝ արդեն ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը։

Որոշ քաղաքներում արդեն իսկ արգելվել են բացօթյա բոլոր միջոցառումները՝ այդ թվում սպորտային հանդիպումները, համերգները, ինչպես նաև բողոքի ակցիաները․ փողոցում գտնվելը դարձել է վտանգավոր առողջության համար։

Այսօր՝ հունիսի 9-ին, հրդեհների ծուխը հայտնաբերվել է Կանադայից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Նորվեգիայում, հայտնել է Կլիմայի և Շրջակա միջավայրի ուսումնասիրման ինստիտուտ NILU-ն։

Անտառային հրդեհների հիմնական պատճառ է հադիսանում այս տարվա ձմռանը Կանադայի Ատլանտիկայի գոտում տեղումների ցածր մակարդակը, ինչին էլ հաջորդել է ծայրահեզ չոր գարունը․ մայիսին Կանադայում գրանցվել է +33 C, ինչը տարվա այս եղանակի համար մոտ 10 աստիճանով բարձր է նորմալ օդի ջերմաստիճանից։

Սակայն Հրեդհների հիմնական պատճառը մնում է մարդկային անփութությունը։

Կանադայում կրակի ճիրաններում է հայտնվել ավելի քան 4․4 միլիոն հեկտար տարածք․ Սա աննախադեպ է երկրի պատմության ընթացքում։ Հրդեհների պատճառով ավելի քան 20 հազար մարդ լքել է իրենց բնակավայրերը։

Այս պահի դրությամբ Կանադան օգնություն է ստանում ողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Հարավային Աֆրիկայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում