Ա.Մանուկյանը մատնանշել է Տ.Սարգսյանի թույլ տված սխալները

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում հպարտությամբ նշել է, որ իրենց հաջողվում է ջախջախել կառավարության ծրագիրը և որ երեկ իրեն մեկ րոպեի ընթացքում հաջողվել է անել այնպես, որ վարչապետը թույլ տա 3 սխալ։

Ինչպես հաղորդում է «Haynews.am»-ը, Ա.Մանուկյանը նշել է, որ Տիգրան Սարգսյանն առաջին հերթին սխալվել է 90-ականների և մերօրյա արտագաղթերը նույն հարթության մեջ դիտելով. «Պատերազմական և աղետի ժամանակշրջանի արտագաղթի շարժառիթներն այլ էին և դա չպետք է վերագրել իշխանությանը: 99-ից մինչեւ 2011 թթ. 930 հազարը Ադրբեջանից եկածներ էին, որ ՀՀ քաղաքացիություն չստացան, 275 հազարն աղետի գոտուց արտագաղթածներն էին: Դրանից հետո արտագաղթածների թիվը 530 հազար է, որից 290 հազարը Տիգրան Սարգսյանի օրոք է եղել»։

Վարչապետի թույլ տված երկրորդ սխալն, ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղարի, այն է, որ հին սխալներով արդարացրեց նորերը և հին սխալները դիտեց, որպես նոր սխալներ թույլ տալու հիմք՝ պնդելով, թե միայն սրա համար վարչապետը պատժի է արժանի. «Դու կառավարություն ես զարգացնո՞ւմ, թե՞ հնի սխալների վրա նոր սխալներ ես ավելացնում: Դա կոպիտ սխալ է, որ վարչապետն այստեղ իրեն թույլ տվեց, ասելով՝ դուք սխալ եք արել, ես էլ եմ սխալ անում: Ես որ լինեի երկրի ղեկավարը, միայն դրա համար կպատժեի վարչապետին»։

Երրորդ սխալը, որ վարչապետի խոսքում նկատել է Արամ Մանուկյանն արտագաղթի վերաբերյալ իր ասած խոսքից հրաժարումն է: Մանուկյանը շարունակեց պնդել, որ Տիգրան Սարգսյանն ասել է. «Հո չե՞նք պահելու մարդկանց, որ մնան հեղափոխություն անեն: Վարչապետի այդ խոսքերի ձայնագրությունն ունեմ, և կարող եմ տրամադրել յուրաքանչյուրին»:

Ելույթի համար հատկացված ժամանակը սպառվեց և ՀԱԿ պատգամավորը չհասցրեց ավարտել իր քննադատությունը, ինչի առիթով հայտնեց իր վրդովմունքը:

Մանուկյանի պահվածքը դուր չի եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով խնդրել է պատգամավորին իր տեղը զբաղեցնել: Մանուկյանն անտեսել է Հ.Աբրահամյանի դիտողությունը և փորձեց ավարտել ելույթը՝ հիշեցնելով, թե ասել է, չէ, որ դժվար է լինելու իրենց ներկայությամբ: Հովիկ Աբրահամյանի նյարդերն այստեղ տեղի են տվել. «Ձայնը բարձրացնելով՝ ոչ մի հարց չի լուծվել այս դահլիճում մինչև այսօր, և կխնդրեմ՝ որևէ պատգամավոր չփորձի ձայնը բարձրացնել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում