Հանրային խորհրդի պատվիրակությունը մասնակցել է ՏՍԽՀԻՄԱ ամենամյա գլխավոր վեհաժողովին

Հանրային խորհրդի պատվիրակությունը հունիսի 14-15-ը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, մասնակցել է Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (ՏՍԽՀԻՄԱ) ամենամյա գլխավոր վեհաժողովի աշխատանքներին, որը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում, տեղեկացնում են ՀԽ մամուլի ծառայությունից:

Վեհաժողովի շրջանակներում Հանրային խորհրդի պատվիրակությունը մասնակցել է մի շարք հարցերի քննարկմանը, որոնցից են «Երիտասարդության զբաղվածությունը և սոցիալ-մասնագիտական ինտեգրումը», Ռուսաստանի Հասարակական պալատի կողմից ներկայացված «Աշխարհի տնտեսական և սոցիալական խորհուրդների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների արձագանքը համաշխարհային էներգետիկ և ֆինանսական ճգնաժամին»:

Ռուսաստանի Հասարակական պալատը կարևորել է միջազգային այս կառույցի միջոցով համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ միջազգային հանրության կարծիքի ներկայացումը: Ռուսաստանի Հասարակական պալատի առաջարկով ռուսերենը դարձել է ՏՍԽՀԻՄԱ-ի աշխատանքային լեզուներից մեկը (ընդ որում, ՏՍԽՀԻՄԱ-ի շրջանակներում կազմակերպվելիք բոլոր միջոցառումների թարգմանչական ծախսերը հոգալու է Ռուսաստանի Հասարակական պալատը): Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհուրդը հանդես է եկել Համաշխարհային տնտեսական խորհուրդ ստեղծելու առաջարկով, որի հիմնական նպատակն է ՏՍԽՀԻՄԱ-ի ֆինանսական անկախության ապահովումը: Կարևորվել է կազմակերպության անդամների միջև երկխոսության և փորձի փոխանակման ամրապնդումը:

ՏՍԽՀԻՄԱ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ քննարկվել են նաև ազգային և տարածաշրջանային երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերին աջակցելու համար Համաշխարհային բանկի շրջանակներում մեխանիզմներ ստեղծելու, միգրացիոն հոսքերը կարգավորելու նպատակով միջազգային համաձայնագիր մշակելու հարցերը, ինչպես նաև համաշխարհային հանրության աջակցությամբ որակյալ բժշկության և ազգային մասնագետների համար բարձրորակ վերապատրաստում ապահովող ազգային և տարածաշրջանային կենտրոններ հիմնելու հարցը: Երիտասարդության զբաղվածության հիմնախնդրի քննարկման ժամանակ հնչել են առաջարկներ բիզնեսի կարիքների որակավորմանը ուշադրություն դարձնելու անհրաժեշտության և մասնագիտական վերապատրաստման համակարգի ստեղծման, նոր կապի միջոցների օգտագործման, աշխատանքի հետ կապված տեղեկատվության բարելավման, երիտասարդների զբաղվածությանն աջակցող ցանցեր ստեղծելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում