Ռուսաստանում սահմանվել է զորակոչային նոր տարիք

Ռուսաստանում սահմանվել է զորակոչային նոր տարիք

Ռուսաստանում օրենքով սահմանվել է զորակոչի տարիքային նոր շեմ։

Զինվորական ծառայության տարիքը բարձրացնելու մասին օրենքի նախագիծը ենթադրում է, որ զորակոչի տարիքը կլինի 18-ից 30-ը։ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է նախագծի համապատասխան ուղղումը։

Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։

«Հիմնական փոփոխությունն այն է, որ զորակոչի տարիքի վերին շեմը 30 տարին է, և որոշվել է ստորին շեմը թողնել 18 տարեկան, քանի որ շատ տղաներ ցանկանում են գնալ և ծառայել 18 տարեկանում։ Հիմա նրանց նման հնարավորություն է տրվում»,- ասել է Կարտապոլովը։

Նախագծով առաջին ընթերցմամբ առաջարկվում էր զորակոչի տարիքի ստորին շեմը ներկայիս 18 տարեկանից դարձնել 21 տարեկան։

Կարտապոլովը նաև հավելել է, որ զորակոչի տարիքը մինչև 30 տարեկան բարձրացնելու նոր նորմերը չեն ազդի 2023 թվականի աշնանային զորակոչի վրա։ «Առաջարկվում է ուժի մեջ մտնել 2024 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ այս բոլոր կանոնները չեն տարածվում աշնանային զորակոչի վրա, իսկ նրանք, ովքեր 2023 թվականին, նույնիսկ դեկտեմբերի 31-ին լրանում են 27 տարին, 2024 թվականի հունվարի 1-ից չեն ենթարկվում նոր օրենքին»,- ասաց պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում