Հայտարարված է մրցույթ՝ «Ինչպե՞ս պայքարել ինքնասպանությունների դեմ PR-ի միջոցով»

«ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը հայտարարում է մրցույթ «Ինչպե՞ս պայքարել ինքնասպանությունների դեմ PR-ի միջոցով» թեմայով: Մրցույթի պայմանները բավականին պարզ են. անհրաժեշտ է առաջարկել կարճ, պրակտիկ, PR-ի տեսակետից կիրառելի լուծման տարբերակներ:  Լավագույն առաջարկի հեղինակին սպասվում է գեղեցիկ խրախուսական մրցանակ:

«Ցանկալի է չնշել այնպիսի տարբերակներ, որոնք շատ հեռու են հասարակական կարծիքի ձևավորման ոլորտից (օրինակ՝ բարձրացնել աշխատավարձերը, բարելավել ժողովրդի սոցիալական վիճակը, արգելել բանկերին վարկերի դիմաց բռնագրավումներ անել և այլն): Խրախուսելի են հնարավորինս PR-ի միջոցով լուծում պարունակող տարբերակները»,- նշում են կազմակերպիչները:

«ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի տնօրեն Հայկ Կիրակոսյանը պատասխանել է Times.am-ի այն հարցին, թե ինչու է, իր կարծիքով, մեծացել ինքնասպանությունների թիվը: Ըստ Հ.Կիրակոսյանի՝ չի կարելի ասել, որ ինքնասպանությունների թվի կամ հաճախականության ավելացումը պայմանավորված է միայն սոցիալական գործոններով.

«Ակնհայտ է նաև, որ գործ ունենք հոգեբանական, էմոցիոնալ և հասրակական կարծիքի ոլորտից բխող հետևանքների հետ: Հատկապես ուշագրավ է այն ֆենոմենը, որ ինքնասպանություն գործողները գրություններ են թողնում: Դա պատահական չէ. այդպես նրանք փորձում են իրենց ասելիքը հասցնել մարդկանց, ԶԼՄ-ներին, իրենց հարազատներին»,-նկատեց մեր զրուցակիցը:

Հ.Կիրակոսյանը նաև օրինակ բերեց, որ կան եկեղեցական ուղղություններ, որոնք հրաժարվում են հոգեհանգստի ծես անել ինքնասպանների համար՝ ընդգծելով, որ եկեղեցին այստեղ ևս իր անելիքն ունի: 

«ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի տնօրենը վերոնշյալ հարցի առնչությամբ նաև նշեց հետևյալը. «Երբ խոսք է գնում Հայաստանում հոգեբանների զբաղվածության մասին, ասում ենք, որ նրանք այսօր անգործ են մեր երկրում: Այնինչ լավ հոգեբանը այսօր մեր երկրում գրեթե ամեն օր կարող է գոնե մեկ կյանք փրկել:

Իսկ այն հարցին, թե ինչպես կարող է PR-ը նպաստել ինքնասպանությունների կանխարգելմանը, Հայկ Կիրակոսյանը շեշտեց, որ PR-ի նշանակությունն այստեղ չափազանց մեծ է. «Որովհետև ինքնասպան լինողների մեծ մասը դրանք ծայրահեղ աղքատ կամ սովամահ լինող մարդիկ չեն: PR-ով հնարավոր է հստակեցնել ինքնասպան լինողի կարգավիճակը հասարակության մեջ՝ այն դարձնելով մեղմ ասած ոչ գովելի:

Ասենք պախարակելի մի բան՝ բնորոշ թույլին, վախկոտին և այլն: Անկախ նրանից դա այդպես է, թե ոչ: Իսկ այսօր անգամ որոշ ինքնակոչ մասնագետներ համոզում են, որ ինքնասպան լինում են միայ համարձակները: Նման պնդումներով հանդես գալն ուղղակի անթույլատրելի է:
Ցանկալի է, որ լինի պետական կամ հասրարակական աջակցություն, որպեսզի խնդիրն առավելագույն չափով լուծվի»:

ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի տնօրենը նաև տեղեկացրեց, որ իրենք այսօր հստակ ծրագիր ունեն՝ PR-ի միջոցով այս աղետալի երևույթի դեմ պայքարելու համար:

«Բայց միջոցներ են պետք պաստառների տպագրության, սոցիալական հոլովակների պատրաստման, տեղեկատվական արշավ նախաձեռնելու համար: Նման կարևոր ծրագրի կյանքի կոչմանը կարող են ձեռք մեկնել ինչպես պետությունը, այնպես էլ հնարավորություն ունեցող անհատներ ու կազմակերպություններ: Դա մեծ ու բարի համբավ կապահովի նաև նրանց համար: Ես միայն ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ ինքնասպանությունը նախ և առաջ մտքի, վերաբերմունքի խնդիր է: Իսկ PR-ի միջոցով մենք ձևավորում ենք մարդկանց վերաբերմունքն ու կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, նպաստում առավել առողջ հասարակական կարծիքի ձևավորմանը»,-ընդգծեց Հ.Կիրակոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում