Bloomberg-ն անդրադարձել է Հայաստանի տարածքով Ռուսաստան կիսահաղորդիչների արտահանման ԱՄՆ կասկածներին

Bloomberg-ն անդրադարձել է Հայաստանի տարածքով Ռուսաստան կիսահաղորդիչների արտահանման ԱՄՆ կասկածներին

Bloomberg լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստանում գրանցված ընկերության միջոցով դեպի Ռուսաստան կիսահաղորդիչների արտահանման մեղադրանքով ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված ռուս գործարար Միխայիլ Պավլյուկի գործունեությանը։ Վերջինս ԱՄՆ կառավարության կողմից մեղադրվում է ուկրաինական ճակատում օգտագործվող ռուսական զենքի համար միկրոչիպերի ապօրինի ձեռքբերման և Ռուսաստան ուղարկելու մեջ: ԱՄՆ թիրախում հայտվնած գործարարը հանդիսանում է AO PKK Milandr ռուսական էլեկտրոնիկայի ընկերության համահիմնադիրը, որը նախագծում է միկրոպրոցեսորներ և վաճառում սպառողական տեխնոլոգիաներ։

Պավլյուկը, ով անցյալ ամառ փախել էր Ռուսաստանից, արժանացել է ԱՄՆ կառավարության պատժամիջոցներին՝ միջազգային հանցավոր ցանցում իր ենթադրյալ դերի համար, որը կիսահաղորդիչներ էր գնում, փոխադրում և վաճառում Ռուսաստան թայվանական, հայկական և շվեյցարական ընկերությունների ցանցի միջոցով:

ԱՄՆ կառավարությունը պնդում էր, որ Պավլյուկն օգնել է այդ չիպերը Թայվանից Ռուսաստան տեղափոխել Հայաստանում կեղծ կորպորացիայի միջոցով, որը կոչվում է Milur Electronics LLC և այն ստեղծվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց երկու ամիս անց:

Պավլյուկը Bloomberg-ին էլեկտրոնային նամակ է հղել և ասել, որ իր համար պարզ չէ, թե ինչու է հայտնվել ԱՄՆ կառավարության թիրախում։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ աշխատում է իր անունը հանել ԱՄՆ-ի սև ցուցակից:

Milandr-ի ներկայիս տնօրեն Ալեքսեյ Նովոսելովն ասում է, որ ընկերությունը հիմնականում արտադրում է էլեկտրաէներգիայի հաշվիչներ տների համար և որ ինքը տեղյակ չէ ռուսական բանակի հետ որևէ կապի մասին: «Ես չգիտեմ որևէ զինվորականի, ով հետաքրքրված է մեր արտադրանքով», – ասել է նա Bloomberg News-ի հետ ունեցած հեռախոսազրույցում:

«Մեր մասնաճյուղերն արտասահմանյան երկրներում, օրինակ՝ Թայվանում, Հայաստանում, հիմնադրվել են, որպեսզի պարզեցնեն մեր ընկերության և TSMC-ի նման ձուլարանային ծառայության միջև կապը», – ասել է Նովոսելովը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի մեղադրանքները ֆանտաստիկայի ժանրից են: «Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ենթադրում է, որ Ռուսաստանում էլեկտրոնիկայի յուրաքանչյուր բիզնես կենտրոնացած է ռազմական ոլորտի վրա։ Ես կարծում եմ, որ դա ծիծաղելի է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում