Ալեն Ղուլյան. Ովքե՞ր են «խաղաղության» հանդիպումներին եկած ադրբեջանցիները
Կարդացեք նաև
Հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի շրջափակման ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցների դերակատարությանն ու «խաղաղության» ձևաչափերով Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին։ Նա մասնավորապես գրել է.
«Արցախի շրջափակման և մեր ժողովրդի դեմ Ալիևի ռեժիմի հանցագործության մեջ հանցակից են եղել ոչ միայն Ադրբեջանի տարբեր անկյուններից, պետական հիմնարկներից ու համալսարաններից բերված երիտասարդ կերպարները, որոնք առավոտից երեկո փակում էին ճանապարհն ու վանկարկում նախապես պատրաստված կարգախոսներ, և ոչ միայն հատուկ ծառայություններն ու ներքին զորքերը, որոնք իրականացնում էին օպերատիվ ուղեկցումը և զենքը ձեռքին ապահովում ճանապարհի փակումը…
Լիարժեք հանցակից են եղել նաև նրանք, ովքեր ապահովում էին այդ պաշարման տեղեկատվական սպասարկումը՝ ակտիվորեն եթեր հեռարձակելով այդ հանցագործությունները, լեգիտիմացնելով ու արդարացնելով Բաքվի գործողությունները։ Խոսքը Իլհամի ռեժիմին ենթակա մեդիառեսուրսների մասին է…
Օրհան Ամաշովը՝ պետական անգլալեզու ANEWZ հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալը և Caliber.az (Caliber Analyst) պորտալի քաղաքական մեկնաբանը, որն այսօր Հայաստանում է Ադրբեջանից այդ աղմկահարույց պատվիրակության հետ՝ նիկոլ-ալիևյան կեղծ խաղաղության շրջանակում, գործնականում շրջափակման առաջին իսկ օրերից գտնվում էր հենց այնտեղ։ Նա այնտեղից անգլերենով ուղիղ հեռարձակումներ էր վարում՝ նպատակաուղղված աշխատելով արտաքին՝ արևմտյան լսարանի վրա, որպեսզի մարդասիրական շրջափակումը փաթեթավորի «էկոլոգիական ակցիայի» մեջ և արդարացնի ռեժիմի հանցագործությունները Արցախի ժողովրդի դեմ։
Ահա այսպիսի կերպարներ՝ Իլհամի հանցագործությունների ուղղակի հանցակիցներ, այսօր նիստեր են անցկացնում նման հանդիպումներում և մեզ համար «խաղաղություն» կառուցում… Ըստ երևույթին, այլ «խաղաղարարներ» մեզ համար չունեն։
Կարծում եմ՝ հայ հասարակությունը բազմաթիվ հարցեր ունի այս կերպարին, և հնարավորության դեպքում լրագրողները նրան կտան մի քանի ուղիղ հարց՝ այդ հանցագործություններում նրա դերակատարության վերաբերյալ…»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում