80-ից ավելի ուսուցիչ մասնակցել է վերապատրաստման
Նմանատիպ
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ օգոստոսի 21-26-ը անցկացվեցին ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Կենտրոնի կազմակերպած խորացված դասընթացներին մասնակցում էին ռուսաց լեզվի և գրականության ավելի քան 80 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից։
Համաձայն ՀՀ կառավարության ընդունած «Ընդհանուր կրթության մասին» օրենքի՝ հինգ տարին մեկ անգամ հանրապետության ուսուցիչները պետք է անցնեն պարտադիր վերապատրաստում և ստանան անհրաժեշտ կրեդիտներ։ Չափորոշիչները և ծրագիրը հաստատում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը զգալի ներդրում ունի Հայաստանում ռուսաց լեզվի կրթության տարածման և զարգացման գործում։ Ի վերջո, երեխաների հետ աշխատելիս շատ կարևոր է ժամանակին համընթաց քայլել, տեղյակ լինել մանկավարժական և մեթոդական բոլոր նորամուծություններին»,- ասաց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ինեսա Սարգսյանը։
«Մեր կենտրոնը հաճախ է անցկացնում վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ ինչպես մեր ուսուցիչների համար, որոնք դասավանդում են «Դոմ Մոսկվի» կենտրոնի կազմակերպված ռուսաց լեզվի անվճար դասընթացները, այնպես էլ հանրակրթական դպրոցների ուսուցիչների և բուհերի դասախոսների համար: Այս հարցում մեզ աջակցում են ԿԳՄՍ նախարարությունն ու Ռուսաստանի կրթական հաստատությունների մեր գործընկերները։ Հուսով ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել Հայաստանում ոչ միայն ռուսերեն մակարդակի բարձրացմանը, այլև կրթության ոլորտում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի «Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիր»-ը մշակվել է «Ալֆա Դիալոգ» մասնագիտական կրթության կենտրոնի և «Русский мир» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագիրը բաղկացած է երկու դասընթացից՝ «Առարկայի դասավանդման մեթոդիակա» և «Հետազոտական աշխատանքի վարման սկզբունքներ» թեմաներից, որոնք ընտրվել են ԿԳՄՍ նախարարության ցանկից։
Դասընթացները վարում էին ոլորտի առաջատար մասնագետները՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, Ոուսաստանի Գերցենի անվ․ պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ոլորտում կրթական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի «Ալֆա Դիալոգ» լրացուցիչ մասնագիտական կրթության կենտրոնի տնօրեն Ելենա Յադրովսկայայի գլխավարությամբ։
«Աշխատանքային այս ինտենսիվ շաբաթը մեզ համար որոշակի դպրոց է դարձել։ Նորովի բացահայտեցինք Հայաստանն ու նրա հնագույն մշակույթը, սովորեցինք և մեր ուսուցիչների հետ մշակեցինք նոր մեթոդներ և տեխնիկա։ Հայաստանը կարող է հպարտանալ նման խելացի, կարդացած ու պրոֆեսիոնալ ուսուցիչներով: Շնորհակալ եմ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին այս հիանալի վերապատրաստման ծրագիրը կազմակերպելու համար»,- նշեց Ելենա Յադրովսկայան։
«Նոր մեթոդոլոգիա, աշխատանքային նրբություններ սովորեցինք առաջին ձեռքից: Համոզված եմ, որ նոր գիտելիքները կկարողանանք օգտագործել մեր աշակերտների հետ հետագա աշխատանքում»,- ասաց Երևանի թիվ 53 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Հռիփսիմե Հարությունյանը։
Ծրագրի արդյունքում ուսուցիչները հանձնեցին եզրափակիչ թեսթավորումը և ստացան 5 կրեդիտ, ինչպես նաև մասնակցության վկայականներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում