Շավարշ Կարապետյան․ կենդանի լեգենդ

Շավարշ Կարապետյան․ կենդանի լեգենդ

Շավարշ Կարապետյան՝ հայ սուզալողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ 7-ակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։

1976 թվականին այս օրը՝ սեպտեմբերի 16-ին, փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորների կյանքը։ Մյուսներին, ցավոք սրտի, փրկել հնարավոր չէր։ Դրանից հետո հայ մարզիկը հիվանդացել է թոքերի բորբոքումով․ ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության։ Այս դեպքը վերջ դրեց նրա սպորտային կարիերային, սակայն նա շարունակում էր կրթել ապագա մարզիկներին։

Իր խիզախության և անձնազոհության համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Արիության մեդալով։

Սակայն մեկ անգամ չէ, որ Շավարշ Կարապետյանը փրկել է տասնյակ կյանքեր․ երեք անգամ ճիշտ ժամանակին հայտնվել է ճիշտ վայրում։

1974 թվականի հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից ավտոբուսով վերադառնում էր Երևան։ Ավտոբուսում այդ պահին գտնվում էին երեսունից ավելի ուղևորներ՝ ներառյալ մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնեցնում է մեքենան և դուրս գալիս։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվում է տեղից։ Վարորդի բացակայությունը առաջինը նկատում է Կարապետյանը, ով ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնեցնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ՝ Շավարշը արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղում է ավտոբուսը դեպի սար։ Ավելի ուշ այս իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այս որոշումը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար։ Հենց այս դեպքից հետո Շավարշ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նրան հաջողվեց կանխել ողբերգությունը, ասել է․«Ուղղակի ես ամենից մոտն էի»։

Մի քանի տարի անց՝ 1985 թվականի փետրվարի 15-ին, Կարապետյանն օգնեց մարդկանց փրկել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հրդեհի ժամանակ։ Նա առաջիններից հասավ հրդեհի վայր և սկսեց օգնել հրշեջներին։ Փրկարարական գործողությունների ընթացքում նա վնասվածքներ և այրվածքներ ստացավ։

Այսօր նա ապրում է Մոսկվայում և ունի կոշիկի վերանորոգման փոքր արհեսատնոց։

Այն ստացել է խորհրդանշական անվանում՝ «Երկրորդ շունչ»։

ԱՌԼԻՆԱ Սարգսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում