ԱՄՆ Պետքարտուղարությունը նույնպես մեկնաբանել է Արցախի հարցով «գաղտնի» հանդիպումը

ԱՄՆ Պետքարտուղարությունը նույնպես մեկնաբանել է Արցախի հարցով «գաղտնի» հանդիպումը

Հերթական ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը պատասխանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող լրագրողների հարցերին։

Պատելին խնդրել են մեկնաբանել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի միջև Ադրբեջանի շուրջ «գաղտնի» բանակցությունները։

«Նախ, ես չէի ասի, որ դա գաղտնի հանդիպում էր։ Մենք բավականին կանոնավոր կերպով շփվում ենք տարածաշրջանի շահագրգիռ կողմերի հետ, և սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումը կազմակերպվել էր հրատապ հումանիտար խնդիրների լուծման և Ղարաբաղի բնակիչներին հնարավոր օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալը:

Ըստ նրա՝ հանդիպումը նվիրված էր այդ հարցին, քանի որ Միացյալ Նահանգները դեռևս խորապես ներգրավված է իրավիճակում, և հավատարիմ է մնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու նպատակին:

«Այս հանդիպումը կայացել է աշխատանքային մակարդակով։ Ես չեմ պատրաստվում մանրամասնել այն, ինչ արդեն շարադրել եմ, և չեմ ընդլայնի կամ այլ կերպ չեմ մեկնաբանի»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հանդիպումը մեկնաբանել էին Կրեմլն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ Զախարովայի՝ ՌԴ-ին դիմել է Արևմուտքը՝ ԼՂ-ի հարցի շուրջ բանակցություններ վարելու, ինչպես նաև տեսակետներ փոխանակելու համար։

Մեկնաբանելով Ստամբուլում կողմերի հանդիպումը, որը ԶԼՄ-ներում որակվել է որպես «գաղտնի», Մարիա Զախարովան լրագրողներին ասել է, որ դրանում ոչ մի գաղտնի բան չկար, նպատակն էր լուծել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հակամարտությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում