Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 220-ը

Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 220-ը

Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է որ Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո զոհերի թիվը գերազանցում է 220-ը՝ չհաշված անհետ կորածները։ 

Իր գրառման մեջ Արտակ Բեգլարյանն անդրադարձել է նաև վառելի պահեստում տեղի ունեցած պայթյունին, նշելով, որ պայթյունի վայրից գտնվել է ավելի քան 170 անձի մարմին ու մասունք՝ կրկին չհաշված անհետ կորածները։

Բեգլարյանը նշել է, որ տեղեկություններն այն մասին, թե իբր վառելիքի պահեստի պայթյունից հետո ադրբեջանական ծառայություններն իրենց մոտ են տեղափոխել մի խումբ վիրավորների՝ կեղծ են։

«Բոլոր պաշտոնյաները տվել են հստակ բացասական պատասխան, ուստի պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատները, ցավոք, պետք է իրենց հարազատներին փնտրեն գտնված մարմինների ու մասունքների շրջանում՝ անճանաչելի մարմինների դեպքում ԴՆԹ անալիզների միջոցով»,- հավելել է նա։

Բեգլարյանի տեղեկություններով` Արցախում առավելագույնը 40 հայ է մնացել, այդ թվում՝ ենթադրաբար իրենց տներում մնացած միայնակ ու անօգնական անձինք, որոնց հնարավոր չի եղել առ այսօր գտնել: Այդ անձանց որոնման աշխատանքները կատարում էին Արցախի փրկարարները՝ որոշակի դրական արդյունքներով, իսկ այժմ՝ փրկարարների դուրս գալուց հետո, Կարմիր խաչը:

Նախկին պաշտոնյան նշել է, որ Արցախում մնացած մոտ 15 հայի մասին հստակ տեղեկություններ կան։ Նրանք ենթադրաբար որոշել են կամավոր մնալ Արցախում և ընդունել Ադրբեջանի իշխանությունների պայմանները հպատակեցման վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում