Հայաստանի կողմից դա ոչ բարեկամական քայլ ենք համարում․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի կողմից դա ոչ բարեկամական քայլ ենք համարում․ ՌԴ ԱԳՆ

Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի կողմից բացարձակ ոչ բարեկամական քայլ է։ Այս մասին РБК–ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով` բոլորի համար ակնհայտ է, որ ՄՔԴ–ն որևէ ընդհանուր բան չունի արդարադատության հետ այդ բառի աուտենտիկ իմաստով։ Այն քաղաքականացված արևմտամետ կառույց է, որը Արևմուտքի համար անցանկալի անձանց քրեական հետապնդման հետ կապված պատվերներ է կատարում։

«Այդ դատարանը որոշ ժամանակ առաջ կալանքի օրդեր տվեց ՌԴ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների վերաբերյալ։ Փակագծերում նշեմ, որ այդ օրդերները իրավաբանորեն բացարձակ ոչինչ են։ Ռուսաստանի և նրա ղեկավարության նկատմամբ ՄՔԴ–ի ակնհայտ քաղաքականացված թշնամանքի ֆոնին մեր դաշնակից Հայաստանը որոշում է վավերացնել այդ դատարանի ստատուտը։ Ինչպե՞ս մենք պետք է ընկալենք այդ քայլը։ Միայն, մեղմ ասած, որպես ոչ բարեկամական», – ասել է Գալուզինը։

Ըստ նրա՝ Մոսկվան հույս ուներ, որ Հայաստանը զերծ կմնա նման քայլից։ Նույն Միջազգային քրեական դատարանի կանոնները թույլ են տալիս այն երկրներին, որոնք որևէ պատճառով չեն ստորագրել Հռոմի ստատուսը, դիմել այդ դատարանի ծառայություններին Հռոմի ստատուտը նույնիսկ չվավերացնելու դեպքում։

«Եվ այդ համատեքստում մեր դաշնակից Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին վերոհիշյալ օրդերների առկայության ֆոնին բացարձակ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Այստեղ ես երկխոսության դաշտ չեմ տեսնում»,– նշել է փոխարտգործնախարարը։

Կողմերի միջև հարցի շուրջ խորհրդակցություններ եղել են, Ռուսաստանը որոշակի առաջարկներ է ներկայացրել։

Նա չպարզաբանեց՝ կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը, քանի որ «դիվանագիտություն մեջ կան բաներ, որոնք չարժե անմիջապես ջրի երես դուրս բերել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում