Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին

Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստը, որը հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Ղրղզստանի մայրաքաղաքում:

«Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը հայտնել է, որ մի շարք հանգամանքների պատճառով չի կարողանա մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին»,- ասված է հաղորդագրությունում։

Առաջնորդները պայմանավորվել են պահպանել մշտական շփումներն ու ամրապնդել երկկողմ հարաբերությունները։

Հիշեցնենք` ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ցանկանում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել: Դիվանագետը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից արդեն կա հանդիպման համաձայնություն:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում