Ուսուցիչների  և տնօրենների նվազագույն դրույքաչափը բարձրացվել է

Ուսուցիչների  և տնօրենների նվազագույն դրույքաչափը բարձրացվել է

2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդել, որի առաջնային նպատակը կրթական միջավայրի բաերելավումն ու տրամադրվող պետական միջոցների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացումն է: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր կարգով նախատեսված մեծածավալ փոփոխությունը սկզբնական փուլում պարզաբանումների կարիք ունի, քանի որ տեղերում նոր մոդելի ճիշտ ներդրումը՝ համապատասխան հաշվարկների իրականացումը, տրված լիազորությունների և պարտավորությունների համադրումը անչափ կարևոր են:

«Ինչ վերաբերում է վարձատրության համակարգին, ապա պետք է նշել՝ ֆինանսավորման նոր կարգը շատ ավելի թափանցիկ, պարզ ու նաև դպրոցի համար նոր հնարավորություններ ընձեռող միջավայր է ապահովում»,- նշում է նախարարը։

2020 թվականի հունվարի 1-ից գործում էր ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված ուսուցչի նվազագույն դրույքաչափ՝ 108 հազար 800 դրամի չափով։ Ֆինանսավորման նոր կարգով նվազագույն դրույքաչափը բարձրացվել է և սահմանվել ավելի քան 119 հազար դրամ:

«Մինչ այս, դպրոցներում միջին դրույքաչափը տարբեր է եղել։ Կարգում սահմանված է, որ եթե կոնկրետ դպրոցում դրույքաչափն ավելի բարձր է, ապա պահպանվում է այդ բարձր դրույքաչափը։ Հիմնական խնդիրն առաջացել այն հանգամանքից, որ հիմք են վերցվել 2021 թվականի դրույքային չափերը, որովհետև կարգը շրջանառվել է այս ընթացքում, մինչդեռ եղել են դեպքեր, երբ դպրոցը 2021 թվականից հետո լրացուցիչ բարձրացրել է ուսուցչի դրույքաչափը՝ տրված լիազորությունների և միջոցների շրջանակում»,- ասել է Անդրեասյանը:

Նախարարության կողմից արդեն իրականացվում է կարգի լրամշակում, համապատասխան նախագիծը շրջանառվում է, որպեսզի հիմք ընդունվի կիրառված վերջին դրույքաչափը, այն դեպքում, եթե այն նոր կարգով սահմանված դրույքաչափից ավելի բարձր է: Այս մասին նախարարությունն արդեն տեղեկացրել է դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերի հետ կապված գործող դրույքաչափի որևէ նվազեցում չիրականացվի։

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև դասղեկների վճարմանն ու վարչական կազմի վարձատրությանը։ Ըստ նրա՝ Յուրաքանչյուր դպրոց իր ներսում որոշումներ է կայացրել դասղեկին տրվող լրացուցիչ գումարների մասին։ «Ֆինանսավորման նոր կարգի համաձայն՝ դասղեկների համար վճար է սահմանվել դրույքի 10-15 %-ի չափով։ Ընդ որում, նախկին կարգով այս նպատակով ևս գումար չէր տրամադրվում, դպրոցները սեփական նախաձեռնությամբ էին այդ հարցին այս կամ այն լուծումը տալիս: Այժմ նույնպես իրենց նախընտրած ձևաչափով կարող են իրականացնել այդ աշխատանքները»,- փաստում է ԿԳՄՍ նախարարը։

Նոր կարգով՝ աշխատավարձերի համաչափության սկզբունքով, շուրջ 111 հազար դրամով բարձրացել է նաև դպրոցների տնօրենների աշխատավարձը՝ միջինում դառնալով 329 հազար 800 դրամ։

«Տնօրենների աշխատավարձերի առումով ունենք իրավիճակի էական բարելավում: Սահմանել ենք դպրոցի ղեկավարման որակակական նոր պահանջներ, և, հաշվի առնելով տնօրենի վրա դրված պատասխանատվության մեծ չափը, կարծում ենք, որ վարձատրության բարձրացում պետք է անպայման լիներ՝ պահպանելով համաչափության սկզբունքը»,- ընդգծել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում