Ալոպեկիա, ալկոհոլիզմ, քաղցկեղ. ի՞նչ հիվանդություններով էին տառապում հայտնի կտավների հերոսները

Ալոպեկիա, ալկոհոլիզմ, քաղցկեղ. ի՞նչ հիվանդություններով էին տառապում հայտնի կտավների հերոսները

Համաշխարհային մշակույթի պատմության մեջ հայտնի կտավները, որոնցով հիացել, գնահատել կամ քննադատել ենք, գիտնականները փորձել են դիտել այլ լույսի ներքո։ Նրանք ուսումնասիրել են նկարներում պատկերված հերոսներին և կատարել մի շարք ուշագրավ եզրահանգումներ։

Ըստ էության՝ բնորդներն ունեցել են հիվանդություններ, որոնց թողած հետևանքները արտապատկերվել են կտավներում։ Նկարիչները, իրենք էլ չիմանալով, պատմությանն են թողել հետաքրքիր փաստավավերագրումներ։

Ձեզ ենք ներկայացնում բոլոր ժամանակների ամենահայտնի կտավների հերոսներին, և թե ինչ հիվանդություններով էին նրանք տառապում։

1․ Լեոնարդո դա Վինչի, «Մոնա Լիզա»

Բժիշկները Մոնա Լիզայի մոտ ալոպեկիա են ախտորոշել՝ պաթոլոգիական մազաթափություն։ Հիվանդությունը կապված է մազերի ֆոլիկուլների վնասման հետ. ժամանակին չբուժվելու դեպքում մարդը կարող է ամբողջովին ճաղատանալ:

Մոնա Լիզայի հիվանդության մասին է վկայում հոնքերի և թարթիչների բացակայությունը։

Սակայն նրա մոտ բացի ալոպեկիայից, նաև  այլ հիվանդություններ էլ էին հայտնաբերվել։ Օրինակ՝ աջ ձեռքին նկատում ենք գունդ, որը բնորոշ է լիպոմային՝ ճարպային բջիջների ուռուցքին։

2․ Ռեմբրանդ, «Բորոտությամբ հիվանդ Օզիա թագավորը»

Բորոտությունը վաղուց ընկալվել է որպես Աստծո պատիժ մեղքերի համար: Նրանք, ովքեր հիվանդանում էին, նույնիսկ կենդանության ժամանկ, համարվում էին արդեն մահացած։ Նրանց մեկուսացնում էին և ստիպում էին զանգակ կախել՝ ուրիշներին իրենց մոտեցման մասին տեղեկացնելու համար:

Աստվածաշնչյան Օզիա թագավորը նույնպես ապրում էր բոլորից առանձին։ Ենթադրվում էր, որ նա տառապում էր բորոտությամբ։ Ռեմբրանդտը ռեալիստական ​​կերպով պատկերել է մուգ բծերով ծածկված դեմք և չորացած մաշկ՝ հիվանդության բնորոշ նշաններ։

Մինչ ժանտախտի հայտնվելը բորոտությունը Եվրոպայի գլխավոր վարակիչ հիվանդությունն էր։ 1635 թվականին, երբ նկարիչը աշխատում էր նկարի վրա, Ամստերդամում համաճարակ էր մոլեգնում։

3․ Կարավաջո, «Հիվանդ Բաքոս»

Գինեգործության աստծո կերպարում նկարիչը իրեն պատկերել է ծանր հիվանդությունից հետո։ Սա նրա առաջին ինքնանկարն է, այն նկարվել է հայելու միջոցով։ Ըստ երևույթին, Կարավաջոն տառապում էր մալարիայով. դեմքի դեղին գույնը և աչքերի սպիտակությունը վկայում են լյարդի վնասվածքի մասին: Հետազոտողները նաև նշում են անեմիայի (սակավարյունության) և հիպերպիգմենտացիայի նշաններ: Վարպետը երկար ժամանակ գտնվում էր կյանքի և մահվան միջև, նա հիվանդանոցում անցկացրեց մոտ վեց ամիս։

4․ Իլյա Ռեպին, «Մոդեստ Մուսորգսկու դիմանկարը»

Կենդանության օրոք կոմպոզիտորի միակ դիմանկարը ստեղծվել է ընդամենը չորս օրում զինվորական հոսպիտալում, որտեղ Մուսորգսկին ընդունվել է զառանցանքով։ Այդ ժամանակ նա աշխատանքի հետ կապված խնդիրներ ուներ․ նրա գրածները չէին ընդունվում ու հասկացվում, ինչը ազդում էր նյարդային համակարգի վրա և հանգեցնում ալկոհոլի չարաշահման։

Ռեպինը ոչինչ չի չափազանցրել. կոմպոզիտորը պատկերված է հիվանդանոցի պատի ֆոնին՝ խառնաշփոթ մազերով, ուռած կարմիր քթով և աչքերի տակ պարկերով։ Շուտով Մուսորգսկին մահացավ այդ նույն հիվանդանոցում։

5․ Իվան Կրամսկոյ, «Նիկոլայ Նեկրասովը «Վերջին երգերի» ժամանակաշրջանում»

Բանաստեղծը կամաց-կամաց մահանում էր աղիների քաղցկեղից։ Վիեննայից հայտնի վիրաբույժ էր ժամանել, սակայն վիրահատությունը չօգնեց։

Այդ ընթացքում Պավել Տրետյակովը խնդրում է Իվան Կրամսկոյին նկարել մեռնող գրողի դիմանկարն իր պատկերասրահի համար։

Հիվանդության պատճառով Նեկրասովը չափազանց նիհար էր և գունատ։ Նկարում նա պառկած է իր սենյակի ձյունաճերմակ մահճակալի վրա և, չնայած իր հիվանդությանը, շարունակում է աշխատել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում