Այսօր նշվում է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրը

Այսօր նշվում է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրը:

«Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), պատգամում է Ավետարանը: Ահա այդ գաղափարն էր, որ վերցրել և իր կյանքի նշանաբանն էր դարձրել Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Հայրապետը: Նա Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է:

Փոքր հասակում կորցնելով ծնողներին՝ նա մեծացել էր քեռու խնամքի ներքո, ով ևս հոգևորական էր և եպիսկոպոս: Նրա կողմից էլ ձեռնադրվել է որպես քահանա: Ապա ժողովրդի կամքով դարձել է Զմյուռնիայի եպիսկոպոսը, ենթարկվել հալածանքների, աքսորվել, սակայն աքսորի ընթացքում ևս չի դադարել Ավետարանը քարոզել:

Իր կատարած բազմաթիվ հրաշքների համար արժանացել է Սքանչելագործ անվանը:  Սուրբ Նիկողայոսը խնամում էր աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին, այրիներին: Հարուստ ծնողներից մնացած ունեցվածքը Սուրբ Նիկողայոսը վաճառում և բաշխում է աղքատներին, իսկ  Սուրբ Երկիր ուխտի գնալու ժամանակ ծովում խիստ ալեկոծություն է սկսվում, որը հանդարտվում է՝ նրա աղոթքներով:

Իր գործած բարիքներով Սուրբ Նիկողայոսը դառնում է այժմյան Սանտա Կլաուսի նախատիպը: Սուրբ Ծննդյան տոնին նախորդող երեկոներին նա գաղտնի կերպով կարիքավորների ծխնելույզներից դրամով լի քսակներ և ուտելիք էր գցում, որոնք ընկնում էին կրակի մոտ չորացող գուլպաների մեջ: Հենց այսպես էլ սկիզբ է դրվում Սուրբ Ծննդյան տոներին  կոշիկներում կամ գուլպաներում նվերներ դնելու գեղեցիկ ավանդույթին:

Հետագայում նրան շատ պատահաբար բացահայտում է մի դռնապան, ով պարկը ձեռքին դռնեդուռ շրջող ճերմակազգեստ ծերունու կերպարում թաքնված՝ ճանաչում է Նիկողայոս եպիսկոպոսին: Սկզբնական շրջանում, երբ մարդիկ կրկնօրինակում էին նրան՝ նվերներ թողնելով իրենց հարազատների, սիրելիների, կարիքավորների համար, կրում էին եպիսկոպոսի հանդերձանք: Այս ավանդույթը հետագայում փոփոխության ենթարկվեց՝ դառալով սպիտակ և կարմիր զգեստներով սպիտակամորուս ծերունու կերպար: Ահա, թե ով է իրականում Սանտա Կլաուսը, այլ կերպ ասած՝ Սանտա Նիկոլաուսը:

Համարվում է ոչ միայն նավաստիների պահապան սուրբը, այլ մանավանդ մանուկների, որոնց հանդեպ միշտ հատուկ հոգատարություն էր ցուցաբերում: Սուրբ Նիկողայոսը նաև համայն Ռուսաստանի պահապան սուրբն է համարվում:

Նա հրաշալի օրինակ է քրիստոնյաներիս համար, քանի որ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է մեր ունեցածը կիսել աղքատների հետ, սատարել այլոց, դառնալ հույսի աղբյուր նրանց համար, գործել բարիք և չսպասել պատասխան արարքի: Սուրբ Նիկողայոսը նաև իր օրինակով մեզ ուսուցանում է յուրաքանչյուր փորձության մեջ հաստատ մնալ մեր հավատքում, լինել Աստծուց շնորհակալ և երախտապարտ մեր ունեցածի համար:

Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրը այս տարի նշում է այսօր՝ նոյեմբերի 25-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում