Քերոբյանը հանդիպել է Իտալիայի և Հունաստանի զբոսաշրջության պատասխանատուների հետ
Նմանատիպ
Իտալիայի Բավենո քաղաքում անցկացվող Զբոսաշրջության միջազգային ֆորումի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զբոսաշրջության և բիզնես ոլորտներին վերաբերող հարցեր է քննարկել Իտալիայի զբոսաշրջության նախարարի և Հունաստանի զբոսաշրջության նախարարության զբոսաշրջային քաղաքականության և զարգացման գծով գլխավոր քարտուղարի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Քերոբյանն Իտալիայի զբոսաշրջության նախարար Դանիելա Սանտանկեի հետ քննարկել է երկկողմ այցելությունների խթանման հարցը, այդ թվում՝ վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային կլաստերների զարգացման և զբոսաշրջային կրթության տրամադրման վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Քերոբյանը Հունաստանի զբոսաշրջության նախարարության զբոսաշրջային քաղաքականության և զարգացման գծով գլխավոր քարտուղար Միրոն Ֆլորիսի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և զբոսաշրջության ու բիզնեսի ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Վահան Քերոբյանն Իտալիայի Հանրապետություն է մեկնել Բավենո քաղաքում անցկացվող «Forum Internazionale Del Turismo 2023» Զբոսաշրջության միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով։ Նոյեմբերի 24–ին Քերոբյանն Իտալիայում հանդիպել էր Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարթոլոյի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում