Ասք մեր ժամանակի հերոսի մասին․ «Քաջ Նազար»

Ասք մեր ժամանակի հերոսի մասին․ «Քաջ Նազար»

Ազգի նկարագիրը կարելի է տեսնել իր ստեղծագործություններում՝ մասնավորապես ժողովրդական հեքիաթներում, որոնք բացահայտում են ազգի հոգեբանությունը, մտածողության ձևը, վախերն ու ձգտումները։

1923 թվականին Դերենիկ Դեմիրճյանը մշակել է հայտնի ժողովրդական հեքիաթը և գրել է «Քաջ Նազարը»՝ անվանելով հեքիաթ-դրամա։

Պիեսը վախկոտի՝ բախտի կամ հանգամանքների բերմամբ տիրակալ դառնալու հավերժական թեմայի մշակումներից է։

«Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա…»։

Բեքարյան Արա
Քաջ Նազարը գահի վրա («Քաջ Նազար» հեքիաթի նկարազարդում)

Գրողը պահպանել է ավանդական «հերոսին» բնորոշող հատկանիշներն ու հեգնական կեցվածքը, սակայն ավարտում է պատումը՝ արդարությունը վերահաստատելով և չթողնելով, որ ապաշնորհ ու անարժան «հերոսը» վայելի բախտի բերմամբ ձեռք բերած փառքն ու հարստությունը։

Ժողովուրդը, ապա նաև Դեմիրճյանը տվել են այն միջավայրի պատկերը, որը ծնել ու սնել է հերոսին։

Թեման արդիական է առ այսօր։ Քաջնազարներն իրենց կյանքն իրացնում են ըստ այն միջավայրի սպասելիքների ու պահանջների, որում գտնվում են։ Սոցիալական միաջավայրն ու հերոսը լրացնում են միմյանց։

Ընդամենը երկու ճանճ սպանելով, նա կարծես «ելնում է շալակն աշխարհի», և դրանից հետո նրան կանգնեցնել այլևս հնարավոր չէ։ «- Վա՜հ,- ասում է,- ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՛լ…»։

Սա է Նազարի իրականությունը, որտեղ ալարկոտ, վախկոտ, բախտախնդիր ու փոքրոգի մարդը հանգամանքների բերումով ստանում է «քաջ», «իշխան», «նորին գերազանցություն» մականունները, և ինքն իրեն սկսում է համոզել, որ իսկապես քաջ է, իշխան է և բոլորից առավել։

Բեքարյան Արա Քաջ Նազարը գահի վրա («Քաջ Նազար» հեքիաթի նկարազարդում)

Դեմիրճյանի վերապատումը շատ ավելի առատ է քաղաքական ներիմաստով, քան ժողովրդական հեքիաթը։ Պիեսում ի հայտ են գալիս Նազարի կերպարը կրկնօրինակող պարծենկոտ հերոսներ ու սկսում են գովաբանել նրա չեղած քաջագործությունները։

Մարտիրոս Սարյան «Քաջ Նազար» հեքիաթի վերջնանկար (1936)

«Տիրոջ ու ծառայի» մշակույթով ապրող, բոլոր մարդկանց մեջ միայն այդ երկու կարգավիճակները փնտրող տգետ հանրությունը առաջին իսկ պատեհ առիթի դեպքում սկսում է քծնել, Նազարին իրենց վրա «տեր դարձնել»։

«- Հապա ինչպե՞ս է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի»,- զարմանքով հարցնում են նրան տեսնողները։

Սեփական ես-ի գերագնահտումից հետո Նազարների մոտ ձևավորվում է «փրկչի» սինդրոմ։ Սակայն առաջին իսկ փորձության դեպքում, նրանք ճողոպրում են, թաքնվում հասարակության ետևում՝ զոհաբերելով բոլորին ու ամեն ինչ, բայց ոչ իրենց։

Այսպես իշխանության ու գահի հասնելով՝ Նազարի առաջին լուրջ փորձությունը ի հայտ է գալիս, երբ մի վագր խաթարում է հանրության անդորրը։ Նորաթուխ փրկիչը փախչելու հնար չուներ, և ստիպված էր չկամությամբ կատարել հանրության պարտադրանքը։

Բեքարյան Արա
Քաջ Նազարը գահի վրա («Քաջ Նազար» հեքիաթի նկարազարդում)

Սեփական կամքով սեփական գլխին նստեցրած ինքնակոչին ժողովուրդն է տվել այդ իշխանությունը, քանի որ ինքն իր վրա պատասխանատվություն կրել չի ցանկանում։ Ավելի հեշտ է ընտրել «փրկիչ», որպեսզի հեշտությամբ ձերբազատվի բարդ խնդիրներից և դրանց լուծումը հեքիաթային փրկչի վրա բարդի։

Դեմիրճյանը հստակ ցույց է տվել՝ այն ազգը, որի մտածողության մեջ պակասում է ներքին ազնվությունը, և գերիշխում է սեփական անձը կարևորելու փառասիրական ձգտումները, շարունակելու է քաջնազարության սցենարը։

Քաղաքական սատիրայով հագեցած այս ստեղծագործությունը ծաղրում է այս և շատ ուրիշ արատավոր երևույթներ՝ սկսած ինքնագոհ ղեկավարների ինքնահռչակ «հերոսությունից» մինչև տգետ հասարակություն, որը կարող է ոչնչացնել ցանկացած այլակարծություն, քանի որ ենթագիտակցորեն վախենում է «ծառայի» հոգեբանությունից դուրս գալուց և պատասխանատվությունն իր ուսերին վերցնելուց։

Ներկա և ապագա սխալներից խուսափելու համար երբեք ուշ չէ վերընթերցել «Քաջ Նազար»-ը և կատարել հետևություններ։

Այսօր հանճարեղ ստեղծագործության հեղինակ Դերենիկ Դեմիրճյանի մահվան օրն է։ Մահացել է 1956 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում