ԵԱՀԿ-ն, Բրիտանիան, ՄԱԿ-ը և ՆԱՏՕ-ն աջակցություն են հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը

ԵԱՀԿ-ն, Բրիտանիան, ՄԱԿ-ը և ՆԱՏՕ-ն աջակցություն են հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը

Ադրբեջանի և Հայաստանի երեկվա համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին։

Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ երկխոսության շարունակմանը։

Միացյալ Թագավորությունը նույնպես լիովին աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի՝ պատմական և տևական խաղաղության հասնելու ջանքերին։

«Ինձ շատ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը, որը վերահաստատում է հարաբերությունները կարգավորելու նրանց մտադրությունը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությանը։

«Ինչպես ես ընդգծել եմ երկու երկիր կատարած իմ վերջին այցի ժամանակ, Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է պատմական և տևական խաղաղության հասնելու նրանց ջանքերին», – հավելել է նա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը։

Դյուժարիկի խոսքով՝ կազմակերպության ղեկավարը հույս է հայտնել, որ հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի երկարատև խաղաղության։

«ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին օգտագործել այդ համաձայնագիրը փոխադարձ վստահության խթանման և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար` ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի», –  հավելել է նա։

Իսկ ահա Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում անդադարձել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

«Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը և ՆԱՏՕ-Հայաստան երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ բանակցությունների վերսկսմանը»,- նշել է Կոլոմինան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում